Լրահոս
Օրվա լրահոսը

Մշակույթի «պետություն»` մտքի զորագնդով, առանց հարեւանի փողերի ու մեքենայի

Ապրիլ 18,2018 13:00

«Եթե Աստծուն չես հավատում, նա բացակա դերասան է դառնում քո կյանքում»,-ասում է «Հայ միասնության խաչ» բարեգործական մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ Գրիգոր Մաչանենցը «Մաչանենց տան» մասին, որը գտնվում է Էջմիածնի Բալենիների փողոցի անկյունում: Նա փողոցն անվանում է Ուխտավորի ճանապարհ: «Ամեն անկյուն անուն ունի, եթե այս ճանապարհի անունը չդնեինք Ուխտավորի ճանապարհ, իմաստը կկորեր»,- ասում է Գրիգոր Մաչանենցը: Նրա խոսքով՝ Գրիգոր Լուսավորիչը հենց այս ճանապարհով է անցել տեսիլք տեսնելուց հետո, որը դեպի Խոր Վիրապ է տանում: Նա մեջբերում է հայտնի ֆիլմի ձեւակերպումը. «Այն ճանապարհը ճանապարհ չէ, որ եկեղեցի չի տանում»:

Գրիգոր Մաչանենցը 2010թ. հիմնադրել է «Մաչանենց տուրիզմ եւ արտ» ձեռնարկությունը, որի տարածքում գործում է արվեստի դպրոց, ազգային խոհանոցի դպրոց, թատրոն ստուդիա, Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոն: Այստեղ սովորում է 250 սան, այդ թվում` հաշմանդամություն ունեցող: Տարածքում գործում է մանկական պատկերասրահ, Գրիգոր Մաչանենցի, գեղանկարիչ Ընծայի, «Մաչանենց միջազգային արվեստի» պատկերասրահները, հուշանվերների սրահը, Համաշխարհային պոետների գինետունը, Սրտի ձայների թանգարանը, նաեւ ինքնատիպ հյուրատուն, որի ամեն սենյակն առանձին անուն ունի եւ չի կրկնում մյուսին:


Նշենք, որ Գրիգոր Մաչանենցը ավարտել է Կինոյի եւ թատրոնի ինստիտուտը` Ռուբեն Գեւորգյանցի կուրսը, բախտ է ունեցել աշակերտել նաեւ Սերգեյ Փարաջանովին, ինչով էլ բացատրում է Մաչանենց տանը եղած կոլաժային լուծումները: «Փարաջանովի հետ մեկ հանդիպումն արժեր մեկ տարի համալսարանական կյանք»,-ասում է նա ու իրեն նաեւ պոետ է համարում:

Ինովացիոն էթնիկ մարզային կենտրոնում, Գրիգոր Մաչանենցի խոսքով, ներկայացված է մարդու ուղեղի IT բերքահավաքը, հոսանքն էլ առաստաղից է ուղիղ իջեցված, որն անվանել է երկրի եւ երկնքի պորտալար: Ինովացիոն կենտրոնում շշմեցնող ինքնատիպություն է: «Եթե երեխան տեսնում է այսքան ինքնատիպություն, ինքն էլ դառնում է ինքնատիպ արտադրանք տվող»,-ասում է մեր զրուցակիցը ու հպարտությամբ ցույց է տալիս իրենց սաների մոդելավորած զանազան սարքերն ու աղբահավաք մեքենան: Գրիգոր Մաչանենցն ասում է, որ իրենց կետրոնը եզակի է, քանի որ ինովացիաները էթնիկի հետ են համադրված:

Ի թիվս այլ աչք շոյող հատվածների, նա ծանոթացրեց նաեւ «քարանձավային» թատրոնի հետ: Իսկ թե ինչու է մուտքը թատրոն անցնում քարանձավով, Գրիգոր Մաչանենցը իր հիմնավորումն ունի. «Թատրոնը մշակութային տաճար է, իսկ մարդը թատրոն գնալուց առաջ պետք է կենցաղային մտքերից ձերբազատվի, հետեւաբար այստեղով անցնելիս այնպիսի հոգեվիճակ կունենա, որ չի մտածի ձվածեղի, շորի, հարեւանի փողերի ու մեքենայի մասին»:

Ինովացիոն կենտրոնի խմբակները կրում են Գարեգին Նժդեհի, Դավիթ Անհաղթի, Էյնշտեյնի եւ Տիգրան Մեծի անունները: Երիտասարդները սովորում են այնպիսի ծրագրեր, որոնք դրսում ուսումնասիրելու համար ստիպված կլինեին մեծ գումարներ վճարել, իսկ այստեղ բարերարների շնորհիվ ամեն ինչ անվճար է:


Իրենց խմբակներ այցելում են երեխաներ` Էջմիածնից, հարակից գյուղերից, Արմավիրից եւ անգամ Սիսիանից, որպեսզի օգտվեն անվճար դասընթացներից:
«Շատ կարեւոր ենք համարում մտքի պատերազմը, որովհետեւ աշխարհում ամենախաղաղ պատերազմը մտքի պատերազմն է, իսկ մնացածը արյունահեղություն են ենթադրում: Մտքի պատերազմն այն է, երբ, օրինակ, 10 մլն-անոց հայ ազգի ներկայացուցիչ շախմատիստը 1,5 մլրդ քաղաքացի ունեցող Չինաստանի ներկայացուցչի հետ է խաղում ու հաղթում»,-շեշտում է նա: Նաեւ հավելում, որ երբ հիմնում էին Ինովացիոն կետրոնը, մտքի զինվորների զորակոչ հայտարարեցին ու հավաքագրվեց մտքի զորագունդը:

Ի թիվս այլ հնագույն իրերի, նա պահպանել է պապիկի 100-ամյա սեղանը, նախատատի շալը, որը կինն է սիրով կրում: Սեղանին չկա համակարգիչ, սենյակում չկան մոդեռն լույսեր, իսկ սեղանի գլխավոր զարդը համարում է մտքերը: «Բոլոր զարդերը կարող են արժեզրկվել, արծաթի վրա կարող է փառ պատել, անգամ ոսկին կարող է նեխել, եթե շատ է, բայց մտքերը միշտ սավառնում են»,- պատկերավոր ասում է տանտերը:
«Երբ Առաջին Հանրապետությունը հիմնվեց, Անգլիայի կառավարությունը այսպիսի մեկական արոր նվիրեց Հայաստանին, Վրաստանին եւ Ադրբեջանին: Այն ժամանակների համար սա շատ հզոր գործիք էր»,-հնագույն արորն է ներկայացնում Գրիգոր Մաչանենցը: Հաստատության բակում հնագույն վիշապաքարերի ու խաչքարերի կրկնօրինակներ կան, որոնց բնօրինակները գտնվում են Հայաստանի տարբեր մարզերում: Տանտիրոջ կարծիքով, դա մշակույթը քարոզելու լավագույն միջոցն է: Կրկնօրինակը տեսնող զբոսաշրջիկը հաստատ կուզենա մի օր բնօրինակներին էլ ծանոթանալ: Մշակույթի նախարարներից այստեղ այցելել է Հասմիկ Պողոսյանը, իսկ Արմեն Ամիրյանի հետ ինչ-որ ծրագրեր են քննարկել:

Ինչ վերաբերում է գինետանը, այստեղ այցելուների հետ համաձայնագիր է կնքվում, նրանց ընտրած գինին պահվում է յուրատեսակ դիզայնով սեղանների ոտքի մեջ, եւ դա առիթ է լինում, որպեսզի նրանք եւս մեկ անգամ վերադառնան Հայաստան եւ ըմբոշխնեն իրենց գինին:

Ինքնատիպ է նաեւ հյուրատունը, օրինակ, սենյակներից մեկը Եվայի եւ Ադամի անունով է, որի այցելուներին խնձոր են տալիս:

Գրիգոր Մաչանենցն ասում է, որ զբոսաշրջությունն իրենց համար զուտ գործիք է, ոչ թե նպատակ, չնայած իրենց հարկի ներքո արտասահմանցի զբոսաշրջիկների պակաս չկա: Շատ են հաճախում նաեւ հայաստանյան դպրոցներից:
«Անցյալ տարի այստեղ այցելել է 67 պետություններից 20000 զբոսաշրջիկ, որոնցից 7000-ը ներքին զբոսաշրջիկներ են եղել: Առաջին տեղում զբոսաշրջիկների թվով Ռուսաստանն է, երկրորդ տեղում` Գերմանիան, երրորդում` Ֆրանսիան, չորրորդ տեղում Իսպանիան է»,- ասաց մեր զրուցակիցը: Հավելեց, որ զբոսաշրջիկներին գրավում է իրենց ինքնատիպությունը եւ խենթությունը: Որոշ ոչ հայեր էլ անգամ առաջարկում են աջակից դառնալ:

«Աշխարհը մեզ սիրում է մեր տեսակի համար, ոչ թե գլոբալիզացիայի»,-ասում է Գրիգոր Մաչանենցը: Նրան աջակցում է դուստրը` Արփինե Մաչանենց Բաբախանյանը, որն արդեն մեկ ամիս է՝ դարձել է կազմակերպության նախագահը:
Գրիգոր Մաչանենցը գտնում է, որ կարեւոր է մարզերում առանց տրտնջալու ճրագ վառելը, որովհետեւ, ցավոք, այսօր ամեն ինչ Երեւանում է կենտրոնացած:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` հեղինակի:

«Առավոտ»

17.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30