Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանյան օպերայում՝ ինչպես եվրոպական հեղինակավոր թատրոնում

Ապրիլ 18,2018 12:30

Ժագարսյան «Մանոնը» զարմացրել էր պրոֆեսիոնալ հանդիսականին

ԱԼ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը «Առավոտի» հետ զրույցներում քանիցս հայտնել է, որ Ազգային օպերային թատրոնը ինքնուրույն բեմադրություններից զատ, համագործակցելով հեղինակավոր թատրոնների հետ, վերջիններիս որոշ ներկայացումներ կտեղայնացնի: Մասնեի «Մանոն» օպերան համագործակցության առաջին արդյունքն է, որի հանձնումը կայացավ ապրիլի 13-ին: Այն բեմադրել էր ճանաչված ռեժիսոր Անդրեյս Ժագարսը՝ Մոսկվայի Ստանիսլավսկի եւ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան թատրոնում, գլխավոր՝ Դե Գրիեի դերերգով էլ հանդես է եկել տենոր Լիպարիտ Ավետիսյանը, որն այս կերպարի համար արժանացել է «Ոսկե դիմակի»:

Մերի Մովսիսյանն ու Լիպարիտ Ավետիսյանը:

Մոսկվայում 2016 թվականի հունվարի 29-ին ռեժիսոր Անդրեյս Ժագարսի կողմից իրականացված բացառիկ ինքնատիպ ներկայացումը դեկորներով, զգեստներով ամբողջովին տեղափոխվել է Երեւան: Բեմադրությունն իրականացվել է Երեւանի օպերային թատրոնի նվագախմբի (գլխավոր կոնցերտմայստեր՝ Գայանե Աբրահամյան), երգչախմբի (գլխավոր խմբավար՝ Կարեն Սարգսյան) եւ մեներգիչների մասնակցությամբ: Մաեստրո Ժագարսի գլխավորությամբ Երեւանում փորձերը իրականացրել է ռեժիսորի ասիստենտ Իրինա Լիչագինան, սցենոգրաֆը՝ Ռեինիս Սուհանովսն է, զգեստների դիզայնը՝ Քրիստինե Պաստերնսկան: «Հանձնման» օրը ներկայացումը վարում էր ամերիկացի դիրիժոր Քրիստոֆեր Օկասեկը, որը, ինչպես մեզ հայտնեց, ծառայում է Սան Ֆրանցիսկոյի եւ Վաշինգթոնի օպերային թատրոններում:

Տեսարաններ «Մանոնից»:

Ներկա գտնվեցինք իսկապես բացառիկ բարձրակարգ բեմադրության: Դահլիճում ներկա էին շուրջ 400 հրավիրյալ հանդիսականներ, բացառապես երաժշտարվեստի ոլորտի մասնագետներ, որոնք դեռեւս առաջին գործողությունից հետո միաբերան նշում էին, որ տպավորություն ունեն, թե գտնվում են եվրոպական հեղինակավոր թատրոնում: Խոսքը վերաբերում է ոչ միայն բարձրակարգ բեմադրական աշխատանքին, այլեւ ներկայացման ժագարսյան հայեցակարգին, ըստ որի՝ 18-րդ դարի Ֆրանսիայում նկարագրվող դեպքերը, մանավանդ բեմական ձեւավորմամբ, ներկայացված էր «գերժամանակակից» լուծմամբ (20-րդ դարի վերջ, 21-րդ դարի սկիզբ), որի գործողությունները տեղի են ունենում մեր օրերի կազինոյում, շուկայում, եկեղեցում, բանտում կամ գումարի եւ սիրո մերօրյա փոխհարաբերություններում: Ըստ Աբբա Պրեւոյի «Մանոն Լեսկո» վիպակի, որի հիման վրա ֆրանսիացի կոմպոզիտորը գրել է «Մանոն» օպերան, գեղեցկուհի Մանոնը գավառից գալիս է իր եղբորորդու՝ Լեսկոյի մոտ, որի անուշադրության բերումով Մանոնին տեսնում եւ առաջին իսկ հայացքից սիրահարվում է կոմս դե Գրիեի որդի կավալեր դե Գրիեն ու Մանոնին համոզում է, որ անմիջապես միասին փախչեն Փարիզի իր կալվածք, ուր իրենք կամուսնանան: Շփոթահար Մանոնը Լեսկոյի բացակայության պատճառով համաձայնում է եւ նրանք հայտնվում են դե Գրիեի դղյակում: Սակայն Կոմս դե Գրիեն համաձայն չէր այս պահվածքին եւ բացի այդ, նրանց փնտրում գտնում է նաեւ եղբորորդի Լեսկոն` իր ընկերոջ՝ դե Բրետինյիի հետ: Ստեղծվում է մի իրավիճակ, որտեղ Կոմս դե Գրիեի հրամանով որդի դե Գրիեին բռնի արգելում են ամուսնանալ Մանոնի հետ: Իսկ Լեսկոյի ընկեր դե Բրետինյին օգտվելով իրավիճակից, Մանոնին գայթակղում է մեծ գումարներով: Մանոնը փախչում է Դե Բրետինյիի հետ: Դառնալով Դե Բրիտենյիի սիրուհին, Մանոնը գեղջուկ աղջկանից դառնում է շքեղ տիկին եւ շքահանդեսներից մեկի ժամանակ լսում է, թե դե Գրիեն դարձել է վանական: «Հին» սերը հանգիստ չի տալիս Մանոնին եւ նա փնտրում գտնում է դե Գրիեին հոգեւոր սպասավորման ժամանակ: Սերը նորից միավորում է նրանց՝ մեկը թողնում է եկեղեցին, մյուսը՝ հարստությունը: Բայց նրանց ապրելու միջոց էր պետք. դե Գրիեն որոշում է ռիսկի դիմել ու կազինոյում շահել գումար: Նրան հաջողվում է մեծ գումար շահել, սակայն մրցակից հին ընկերը իրեն մեղադրում է «անարդար» խաղի մեջ: Սկսվում է կատաղի կռիվ, որի ընթացքում Մանոնը ճակատագրական հարված է հասցնում դե Գրիեի հակառակորդին եւ ոստիկանությունը զույգին բռնում ու բանտ է նետում: Կոմս դե Գրիեի միջնորդությամբ որդի դե Գրիեն ազատվում է բանտից: Լեսկոյին հաջողվում է ոստիկանությանը կաշառելու միջոցով Մանոնին եւս ազատել բանտից, բայց հյուծված Մանոնը կարողանում է միայն մի պահ հանդիպել դե Գրիեին եւ մեռնել նրա ձեռքերի մեջ:
Մանոնի կերպարը մարմնավորել է երիտասարդ սոպրանո Մերի Մովսիսյանը, դե Գրիեինը՝ տենոր Լիպարիտ Ավետիսյանը: Առաջին անգամ օպերային թատրոնում ականատես եղանք իսկապես անբռնազբոս ու «բաց» սիրային տեսարանների:

Մյուս դերերգերով էլ հանդես եկան Հայկ Տիգրանյանը, Ռուբեն Նուրիջանյանը, Կիմ Սարգսյանը, Թամարա Դադոյանը, Գրետա Բագիյանը, Սոֆյա Բաղդասարյանը, որոնք նույնպես փայլեցին ոչ միայն վոկալով, այլեւ բարձրակարգ խաղով:
Անդրեյս Ժագարսը իր գոհունակությունը հայտնեց հայ արտիստների մասնակցությամբ բեմադրությունից, ասելով, որ իր համար նորություն չեն հայաստանցի օպերային ձայները, բայց որ սեղմ ժամկետում ոչ միայն մեներգիչները, այլեւ նվագախումբը, երգչախումբը, այն էլ ֆրանսերենով, ցույց կտան նման արդյունք՝ ներառյալ արտիստիզմը, իր համար բացահայտում էր:

Ֆրանսերեն լիբրետոն՝ Անրի Մելիակի եւ Ֆիլիպ Ժիլի, ըստ ֆրանսիացի գրող աբբա Պրեւոյի «Ասպետ դը Գրիեի եւ Մանոն Լեսկոյի պատմությունը» վիպակի (1731) է։ Օպերայի առաջնախաղը կայացել է Փարիզի «Օպերա-կոմիկ» թատրոնում 1884 թ.։ Երեւանի թատրոնն իր պատմության ընթացքում առաջին անգամ է անդրադառնում այս օպերային:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

17.04.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30