Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը Արսինե Խանջյանի հետ նման բովանդակությամբ զրույց չի ունեցել

Ապրիլ 17,2018 23:00

Մամուլում այսօր տարածվել է կանադահայ դերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակը: Դրանում հիշատակվել է, դերասանուհու ներկայացմամբ՝ տարիներ առաջ Սերժ Սարգսյանի հետ իր ունեցած «կարճ զրույցից» մի հատված, որում Սերժ Սարգսյանին վերագրվել են որոշ մտքեր:

NEWS.am-ի հարցմանն ի պատասխան՝ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ նման բովանդակությամբ զրույց տեղի չի ունեցել, եւ նշված մեջբերումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը:

Ներկայացնում ենք Արսինե Խանջյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակը

Բաց նամակ Սերժ Սարգսյանին

Պրն Սերժ Սարգսյան,

Դուք քաջ տեղյակ եք, որ ողջ հայությունն այս օրերին հետևում է երկրում ծավալվող խաղաղ ցույցերին:

Ես Ձեզ եմ ուղղում իմ նամակը, քանի որ մեր ազգի համար այս բեկումնային պահին Դուք եք ուշադրության կենտրոնում:

Որպես քաղաքացի` Դուք Ձեր իմացության սահմաններում ծառայել եք մեր հայրենակիցներին և հաճախ հանդես եկել որպես Սփյուռքում հայ ազգի պաշտոնական ներկայացուցիչը:

Ցանկացած մարդու պես` Ձեր` Հանրապետության նախագահի դերում իրականացրած գործունեությունը խոչընդոտներով լի է եղել:

Դուք պաշտոնավարման երկու ժամկետների ընթացքում առնչվել եք անկախությունից ի վեր մեր հանրությունը ջլատող խնդիրների հետ: Միգուցե արել եք Ձեր առավելագույնը, սակայն հանրային կարծիքն այլ բան է փաստում:

Կոռուպցիան, օրենքի գերակայության բացակայությունը, ոստիկանական բռնությունները, արդարադատության ուղղակի սահմանափակումը, կաշառքն ու ընտրական խախտումները, աղքատությունը, արտագաղթը, մարդու և քաղաքացիական իրավունքի ոտնահարումը (կանանց հանդեպ բռնություն, խտրականություն ԼԳԲՏՔ համայնքի հանդեպ), խոսքի ազատության բացակայությունը Ձեր կառավարման տարիների ամենօրյա աշխատանքի արդյունքն են:

Իհարկե Դուք առերեսվել եք նաև Արցախյան պատերազմի սարսափելի իրականության հետ: Իհարկե մենք հասկանում ենք, թե ինչպիսի զգուշավորություն է անհրաժեշտ չսայթաքելու համար, երբ շրջապատված եք միջազգային շահը հետապնդող ուժերով, որոնց հոգը չեն Հայաստանն ու Արցախի Հանրապետությունը:

Բայց Դուք հաճախ մոլորեցրել եք մեզ բոլորիս` շահարկելով արտաքին սպառնալիքը շատ ավելի վտանգավոր` վերոնշյալ ներքին խնդիրների պարագայում:

Ես` իմ բազմաթիվ հայրենակիցների պես, վստահաբար հավատում եմ, որ մեր սիրելի հայրենիքին այսօր վնասողն այս աշխարհաքաղաքական դրությունը չէ: Հայաստանը տեղի չի տա և չի պայթի արտաքին թշնամական ուժերի պատճառով, եթե Դուք այլևս ղեկավար մարմնում չլինեք:

Սակայն Հայաստանը կանգնած է ներքին պայթյունի վտանգի առաջ, որովհետև Դուք և Հանրապետական կուսակցության Ձեր գործընկերները շարունակում եք անտեսել քաղաքացիների ժողովրդավարության պահանջն ու այն հավատը, որ դա է գոյատևման մեր միակ հույսն ու ռազմավարությունը:

Ես և Դուք տարիներ առաջ կարճ զրույց ենք ունեցել: Միգուցե քաղաքական ճնշման տակ Դուք այդ ժամանակ նշեցիք, որ հայ ժողովուրդը ոչխարի հոտի պես է: Ես, Ձեր փոխաբերությունից վրդովված, պատասխանեցի, որ եթե նույնիսկ այդպես է, ապա նրանք վստահաբար լավ Հովվի կարիք ունեն:

Այդ օրերից ի վեր Հայաստանում տեղի ունեցած ցնցումներն ու Սփյուռքի համայնքներում Ձեր կառավարման ոճի հանդեպ բողոքի դրսևորումները ապացուցել են, որ մենք ոչխարի հոտ չենք: Մենք ուժեղ, արդար և օրինական առաջնորդություն վարող լավ Հովիվ փնտրող ազգ ենք:

Այսօր, մինչ ես գրում եմ Ձեզ, մեր ծեր և երիտասարդ, մասնագետ և ուսանող հայրենակիցներն արտահայտում են նախագահության տարիներին Ձեր վարած գործունեության և մեր սոցիալական, տնտեսական և քաղաքական հարցերում Ձեր կողմից անձնական շահը գերադասելու վերաբերյալ իրենց զայրույթն ու բողոքը` ձեռնարկելով հստակ քայլեր, այն է` կամ հուսահատությունից լքելով երկիրը, կամ, ինչպես վերջին օրերին, հերթական անգամ դուրս գալով փողոց և խաղաղ միջոցներով, բայց վճռականորեն պահանջելով իշխանության արդար փոփոխություն:

Նրանց հիմնական պահանջը, ինչպես ես եմ լսում, այն է, որ Դուք թույլ տաք երկիրը կանգնեցնել մի նոր ուղու վրա, որը պետական կառույցների համար պատշաճ ժողովրդավարական հնարավորություններ կընձեռնի:

Պարոն Սերժ Սարգսյան, Հայաստանի ներքին քաղաքականությունը չի կարող մեկնաբանվել և հասկացվել բացառապես Ձեր անձնական բացարձակ պայմաններով, չափորոշիչներով և մարտավարությամբ:

Դուք երդվել եք ծառայել մեր հայրենիքին սիրով, հույսով և ուղիղ հաղորդակցությամբ այն քաղաքացիների հետ, ում ներկայության շնորհիվ մենակ այս հողատարածքը Հայաստան ենք կոչում:

Բայց այսօր իշխելու Ձեր համառ ցանկությամբ Դուք ևս մեկ անգամ ուժով պարտադրում եք Ձեր ներկայությունը ղեկավար մարմնում, այս անգամ` վարչապետի դերում:

Ես հորդորում եմ Ձեզ և Հանրապետական կուսակցությանը գոնե այս անգամ վերջապես թույլ տալ, որ բազմազանության ձայնը ստանձնի փոփոխությունների ղեկը և երկիրը տանի դեպի նոր հաստատված այնպիսի Խորհրդարանական համակարգ, որն իսկապես կներկայացնի ժողովրդի յուրաքանչյուր անդամին:

Հակառակ դեպքում բոլոր մեր հայրենակիցների անունից ես կընդգծեմ, որ Ձեր անունը մեր ազգի, մեր երկրի և աշխարհի պատմության մեջ կմնա ոչ թե որպես կարող առաջնորդի, այլ որպես իշխանություն տենչացող բռնապետի անուն:

Մենք Ռուսաստան չենք: Ոչ էլ Թուրքիա: Ոչ Ադրբեջան, ոչ… ցավոք, այս ցանկը երկար է:

Մենք փոքր, բայց հպարտ ազգ ենք, որը գոյատևել է` ի հեճուկս բոլոր խոչընդոտների, որոնք երբևէ բուֆերային գոտի չեն թողել, որպեսզի մենաք հեշտությամբ ուղղեինք մեր մեջքն ու վերականգնեինք մեր ուժերը: Բայց մենք կարող ենք:

Ապրիլի 17-ին` մեր ազգի մեծագույն ողբերգության` 1915-ի ապրիլի 24-ի հիշատակումից օրեր առաջ Դուք կարող եք պատմական կարևոր քայլ կատարել` լսելով Երևանի փողոցներ դուրս եկած բոլոր այդ մարդկանց, հարգելով Ձեր արդար ընդդիմադիր գործընկերներին և սատարելով Սփյուռքին, որն անշեղորեն հավատում է, որ մեր հայրենիքն ի վերջո կգտնի իր բարօրությունը:

Խնդրում եմ, ուժ մի կիրառեք: Խնդրում եմ, թույլ մի տվեք, որ որևէ մեկի մատը կամ ձեռքը վնասվի ոստիկանական բռնությունների արդյունքում: Խնդրում եմ, եղեք այն համեստ և վստահ Հովվի ձայնը, ով առանց վախի, անկախ հնարավոր ռիսկերից կարող է թույլ տալ իրեն և իր ժողովրդին ոտք դնել Հայաստանի համար խոստումնալից ապագայի այս անցումային ուղու վրա: Մենք կարող ենք ձևակերպել մեր ազգային շահն ու միասնական անկոտրում ուժ դառնալ արտաքին սպառնալիքների դեմ, որի հետ հարկ կլինի հաշվի նստել:

Պարոն Սերժ Սարգսյան, համեստությունը, նույնիսկ քաղաքականության մեջ, թուլություն չէ: Դա մարդկային ուժ ու որակ է, որն ընտրության հնարավորություն է ստեղծում, և Ձեր երկիրը, իմ ժողովուրդը հենց դա է ակնկալում Ձեզնից:

Արսինե Խանջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    տիկինը դերասանուհի է – այսինքն, քիչ թէ շատ եղել է դերասան, եւ արդէն շատոնց է որ մէջտեղ չկայ -, իր գործն ու ասպարէզն են՝ երեւակայութիւնը շփոթել իրականութեան հետ

    ամէն դէպքում, չի գիտեր թէ ինչ է անում… կարծում է որ այս ամէնը ոնց որ կինո լինի…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30