«Այսօր դպրոցականներն են սկսել հեղափոխությունը՝ հինգերորդ դասարանից սկսած հայտարարել են դասադուլ և ծայրամասերից միացել ժողովրդին: Նրանք փակել են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճանապարհը», – Հանրապետության հրապարակի հանրահավաքի ժամանակ հայտարարեց քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը:
Նա հայտարարեց, թե ցանցային պայքարն ամենաարդյունավետն է. «Ձեզնից շատերը պատկերացնում էին, որ Բաղրամյան գնալն ամենաուժեղ գործողությունն է, սիրելիներս, մենք հիմա պետք է վստահ լինենք, որ ցանցային պայքարը հաջողության հիմնական գրավականն է»:
Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց՝ քաղաքացիներին բերման են ենթարկել փոխգնդապետներ ու գնդապետներ, քանի որ ըստ պարոն Սանասարյանի՝ նրանք գիտեն, որ շարքայինները ժողովրդի հետ են: Ըստ նրա՝ ոստիկանությունը չի հասկանում, որ այդ առաջնորդներից ավելի վճռականներն էլ կան ուսանողների մեջ:
Ոստիկանների և ցուցարարների շփման մի դրվագ ներկայացրեց Դավիթ Սանասարյանը. «Երեկ Բաղրամյանում զգացել ենք մի բան, որի մասին փորձել ենք երազել: Երբ մենք մոտեցել էինք ոստիկանության պատին, մենք գրկախառնվել ենք ոստիկանների հետ, նրանց աչքերին տեսել ենք երջանկության արցունքներ: Նրանք ասել են, որ մեզ չեն հարվածելու ու չեն հարվածել: Սա է խաղաղ անհնազանդության ուժը»:
ԵԼՔ խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ելույթի ժամանակ հանրահավաքի մասնակիցներից մեկի ինքնազգացողությունը վատացավ: Նա հայտարարեց՝ շտապօգնություն մոտեցիր, ճանապարհ բացեք, որ այդ անձին դուրս բերեն: Այնուհետև պարոն Միքայելյանը հայտարարեց, թե 1988-ից հետո նման բազմություն չի եկել Հանրապետության հրապարակ, իսկ 2008-ին նման բազմություն չի եղել հրապարակում:
Ըստ պատգամավորի՝ երկուստեք իրար չպետք է թողնել՝ ոչ իրենք, ոչ ժողովուրդը, որպեսզի ոչ մեկ փողոցում չմնա:
Անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելուն՝ պարոն Միքայելյանը հայտարարեց. «Այսօր Սերժ Սարգսյանը դարձավ լեգիտիմ վարչապետ 77 հոգու համար, բայց դուք եք այս երկրի տերը»:
Դիմելով քաղաքացիներին՝ Սասուն Միքայելյանը հիշեց ժողովրդական ասացվածքներից մեկը. «Լավ է լինել ազատ սոված գայլ, քան թե կուշտ կապած շուն: Մենք ազատ ենք, մեզ չեն կապել: Այստեղ հիմա կան օրգանի աշխատողներ, ԱԱԾ աշխատողներ: Սա հավատ է ազգի, սա հաղթանակ է ապագայի, ազգի գոյատևման համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ