Հանրահավաքը Հանրապետության Հրապարակում ավարտվեց: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում են ապրիլի տասնութին կաթվածահար անել ոչ միայն Երեւանի կենտրոնը, այլեւ ողջ քաղաքը:
«Վաղը իններորդ Մասիվից մինչեւ Երրորդ, Չորրորդ գյուղ պետք է կաթվածահար անենք: Սերժ Սարգսյանը եւ իր սպասարկուները պետք է անցնեն մեր սահմանած անցակետերով, դրանք չեն գործում ՀՀ քաղաքացիների համար, այլ գործում են միայն ՀՀԿ-ականների համար… Նրանք պետք է անցնեն մեր անցակետերով, դրանից հետո պետք է համարվեն ՀՀ քաղաքացիներ»,-ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երթ է սկսվում Երեւանի փողոցներով. «Մեր այսօրվա երթից քյաբաբը պետք է սառի նրանց սեղանների վրա»:
Ցուցարարները վանկարկում էին «Քայլ արա, մերժիր Սերժին» եւ «Նիկոլ»:
Նա ասաց, որ գիշերը չեն մնալու հրապարակում, որովհետեւ ցանկացած հրապարակ կարող են հարկ եղած դեպքում վերցնել: «Խնդրում եմ, որ բոլորը միանան երթին, որպեսզի ՀՀԿ-ական բանկետում քուֆտայի «զակազը» հարամեն»:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վաղը կանգնեցնելու են մետրոն, հանրապետական նշանակության բոլոր մայրուղիները:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ