Նիկոլ Փաշինյանի և նրա համախոհների հրավիրված հանրահավաքը Հանրապետության հրապարակում մեկնարկեց մեկ ժամ ուշացումով: Առաջինը ելույթով հանդես եկավ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը:
Նա հայտարարեց. «Այսօր տեղի է ունեցել մի իրադարձություն, որը մի կողմից շատ զայրացնում է, մյուս կողմից ահավոր խնդալու է: Մի խումբ մարդիկ Սերժ Սարգսյանին հռչակել են վարչապետ: Նույն հաջողությամբ նրանք Սերժ Սարգսյանին կարող են թագավոր, կայսր կամ իմպերատոր հռչակել: Դա նույնքան ադեկվատ և իրականությանը համապատասխան կլիներ, որքան Սերժ Սարգսյանը վարչապետ: Սերժ Սարգսյան Հայաստանի Հանրապետության վարչապետ չկա: ՀՀ-ում ՀՀԿ-ի իշխանություն այս պահից չկա»:
Արարատ Միրզոյանը Հանրապետության հրապարակում հավաքված հազարավոր քաղաքացիներին վստահեցրեց, որ ՀՀ-ում կա մի իշխանություն և դա հենց հիմա, հենց այստեղ է. «Հանրապետության մայրաքաղաքի ամենակենտրոնում՝ Հանրապետության հրապարակում, այդ իշխանությունը դուք եք: Բայց նրանք հրաժարվում են ճանաչել ձեր իշխանությունը»: Այդ պահին հանրության կողմից հնչեց. «Ղալաթ են արել»:
Արարատ Միրզոյանը հավաստիացրեց, թե շարունակելու են հաստատել իրենց իշխանությունը. «Մենք մտնում ենք այն շենքերը, որոնք ուզում ենք: Ուզում ենք Ֆրանսիայի հրապարակում, ուզում ենք Հանրապետության հրապարակում ենք հանրահավաք անում: Մենք ինչ ուզում, անում ենք»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ