Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր ողջ ջանքը գործադրեք՝ ձեր ընկերոջը փողոցից բերելու խորհրդարան». Սերժ Սարգսյանի 3 խորհուրդները՝ «Ելքին»

Ապրիլ 17,2018 17:50

Վարչապետ ընտրվելուց հետո ԱԺ-ում Սերժ Սարգսյանը, դիմելով «Ելքին»՝ ասաց. «Եթե կընդունեք, 3 խորհուրդ ձեզ: Հայաստանում ընդդիմությանը հատուկ չլսելու բարդույթից ազատվե՛ք: Ունակություն ունեցեք լսել: Այդ բարդույթը դրսեւորվեց այս դահլիճում, երբ ընդամենը Արտակ Զեյնալյանը հարց ուղղեց՝ պատասխան ստանալու ակնկալիքով: Ձեր հարցադրումները, որ այս ամբիոնից հնչեցին ելույթի տեսքով, չէին ակնկալում պատասխաններ եւ սա վատ է: Դա ձեզ համար նաեւ օգտակար կլինի, իրոք, տեղյակ կլինեք իրավիճակից: Դուք ինձ եք մեղադրում մի աշխարհ ստեղծելու եւ այդ աշխարհով հրճվելու բարդույթով, բայց այդ բարդույթը աչքիս ոնց որ թե  ձեզ ավելի է բնորոշ: Դուք եք ձեզ համար աշխարհ ստեղծում, դուք եք չունենալով այդ իրավունքը, խոսում ժողովրդի անունից՝ չհասկանալով հանդերձ, որ պրծա՛վ, վե՛րջ: Սահմանադրական բարեփոխումներից հետո որեւէ անհատ իրավունք չունի ժողովրդի անունից խոսել, ժողովրդի անունից իրավունք ունի խոսել քաղաքական մեծամասնությունը: Եվ երբ որ սովորենք հարգել առաջին հերթին Սահմանադրությունը, այն ժամանակ մեր գործերը նորմալ են գնալու»:

Գեւորգ Գորգիսյանին նկատի ունենալով՝ Սերժ Սարգսյանը նրան խորհուրդ տվեց ղեկավարվել պառլամենտարիզմի կանոններով: Նա ասաց, որ սա դատարան չէ, որտեղ դատավճիռներ են ստեղծում եւ մեղադրում. «Մեղադրում են միայն դատարանում, այստեղ դուք կարող եք պատասխանատվության կանչել, այո՛, ես ընդունում եմ քաղաքական պատասխանատվությունը ե՛ւ լավի համար, ե՛ւ վատի համար: Եթե ձեզ թվում է, որ մենք 90-ականներից էլ հետ ենք գնացել, ապա ինչ ասեմ, այդպես էլ ընդունեք, եթե իմ խորհուրդը չեք ընդունում: Գիտակցեք, որ սա խորհրդարան է, օրենքներ են ընդունվում, որոշումներ կայացվում, բայց ոչ երբեք դատավճիռներ»:

Սերժ Սարգսյանի հաջորդ խորհուրդն ուղղված էր «Ելքի» բոլոր պատգամավորներին. «Դուք ձեր ողջ ջանքը գործադրեք՝ ձեր ընկերոջը փողոցից բերելու խորհրդարան: Դա կլինի ձեր մեծագույն վաստակը: Երբեք որեւէ ժամանակ անձամբ ես, մեր քաղաքական ուժը արյան ծարավ չենք ունեցել: Մենք արյուն շատ ենք տեսել, բայց նույնիսկ թշնամու արյան ծարավ ես երբեք չեմ ունեցել: Եթե պետական հիմնարկների գրավումը համարում եք խաղաղ ցույցեր, եթե դուք համարում եք, որ հիմա ցուցարարները պիտի գան ու ԱԺ շենքում ձեր աշխատասենյակների մեջ նստելով ձեր փոխարեն օրենքներ գրեն՝ դա ձեր մոտեցումներն ու ձեր պատկերացումներն են: Եթե ոչ, դուք հակառակ կողմում պետք է լինեք, պիտի լինեք օրենքի կողմում: Չի կարող ժողովուրդը լինել օրինազանց, եթե լիներ օրինազանց, ապա փողոցում միլիոնավոր մարդիկ պիտի լինեին: Դուք լավ գիտեք քանի մարդ է մասնակցում այս ցույցերին:

Վերջում նա ասաց, որ սրանք ընդամենը խորհուրդներն են, ոչ դատավճիռ է, ոչ էլ մեղադրանք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30