Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի ամփոփիչ ելույթը ՀՀ ԱԺ հատուկ նիստում

Ապրիլ 17,2018 17:32

Ազգային Ժողովի հարգարժա՛ն նախա­գահ,

Հարգելի՛ պատգամավորներ,

Շնորհակալ եմ հնչեցված դիրքորոշում­ների, ոգևորիչ, ինչպես նաև քննադատական ելույթների համար։ Շատ բանի հետ, որ ասվեց նախորդ ժամանակահատվածում և այսօր, պետք է համաձայնեմ։ Խոսքս թե՛ քննա­դատությանն է վերաբերում, թե՛ սատարող քաղաքական ուղերձներին։ Անշուշտ, հնչած մտքերի մի զգալի մասի հետ էլ ես համաձայն չեմ։ Իմ կուսակից ընկերների ելույթներում երբեմն տեղ են գտնում ձևակեր­պումներ, որ կարելի էր ավելի համեստ շարադրել, քննադատական ելույթներում բավա­կան շատ պնդումներ կան, որոնք նվազագույնը արդար չեն, հատկապես հաշվի առնելով, որ թվերը կլորացվում են ի վնաս մեր վիճակի, որպեսզի արդարացնեն, այսպես ասած, մեր վատ վիճակը։ Իրար հետ շփոթում են շատ բաներ և այլն: Բայց դա չէ կարևորը, ես դրանց, իհարկե, առանձին-առանձին չեմ անդրադառնա, առա­վել ևս, որ այդ բանավեճի ամենաարդար դատավորը ժամանակն է և ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Այդուհանդերձ, վերջում ես երկու դրվագի կանդրադառնամ:

Հակիրճ՝ խոշորացված խմբերով մեկ անգամ ևս անդրադառնամ հնչող քննադա­տությանը։ Հարցերի առաջին խմբի համար օգտագործվող մոտեցումը հետևյալն է. Հան­րապետության երրորդ նախագահի կառա­վար­ման տարիներին եղել են այսինչ կամ այնինչ չլուծված խնդիրները, մեջբերվում են համատեքստից հանված խոստումներ ու որակվում չկատարված, կամ տնտեսական ցուցանիշների սելեկտիվ, մեթոդոլոգիական կոպիտ խախտումներով արված համադրու­թյուններով փորձ է արվում եզրակացնել, թե իբր անցած 10 տարիներն անարդյունավետ էին։ Դա արվում է կոալիցիայի վարչապետի թեկնածուին սևացնելու մտադրությամբ՝ «ամեն ինչ վատ է արել, ո՞նց կարող է հետագայում լավ անել», սա է ուղերձը։ Սա, թերևս, պարզունակ մարտավարություն է, բայց, ինչ խոսք, միգուցե և ինչ-որ առումով կարող է արդյունավետ լինել դրված նպատակի համա­տեքստում։ Այս առումով միայն մեկ դիտարկում կանեմ. 2007-2017 թվականներն ընդգրկող տասնամյակը մեր Հայրենիքի, մեր բոլորի, մեր զավակների ու թոռների կյանքի կարևոր ու անբաժան հատվածն է։ Այդ ընթացքում մենք երկու խոշոր տնտեսական ճգնաժամ ենք դիմագրավել, երկու պատե­րազմական իրավիճակ ենք հաղթահարել, մեր անվտան­գությանը սպառնացող ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերների ենք առերեսվել, ու այդ պայմաններում կարո­ղացել ենք առաջընթաց ապահովել, բազմա­թիվ բարեփոխումներ իրականացնել կամ սկսել, կարողացել ենք պարզճակատ կանգնել միջազգային բարդ ու հարափոփոխ հարա­բերությունների հարթակում և ուղիղ նայել մեր բոլոր գործընկերների աչքերին։ Անցած 10 տարին մեր երկրի ու բոլորիս պատմությունն է, Սերժ Սարգսյանի պատմությունը չէ, և չարժե ամեն գնով սևացնել այն՝ ինչ է թե հարկ կա թուլացնելու քաղաքական մրցակցին։ Արդար չէ և չարժե անել։ Վստահ եմ, որ այսօր շրջանառվող սիրողական իբր-ամփոփումների փոխարեն այդ տարիների մասին դեռ լուրջ վերլուծու­թյուններ կլինեն, մասնագիտական ուսումնա­սիրու­թյուններ ու հրապարակումներ կլինեն։ Չեն կարող չլինել։ Եվ, ի վերջո, պատմությունն է տալու իրական գնահատականը։

Երկրորդ խումբ հարցերը վերաբերում են կոալիցիայի կողմից ինձ վարչապետ առաջադրելու քաղաքական համատեքստին։ Դա ներկայացվում է որպես կառավարման երրորդ ժամկետ, ի միջի այլոց ինձ համար տարօրինակ է, թե ինչու երրորդ, այլ ոչ թե չորրորդ, որովհետև մինչ այդ ես նաև վարչապետ եմ եղել: Տրվում են ամենատարբեր բնորոշումներ, հակասություններ փնտրվում իմ նախկին հայտարարությունների և իրակա­նության միջև։ Առաջադրվող թեմաների սակավության պատճառով հարցերի այս խումբն էլ հարկ եղածից ավելի քննարկվեց՝ չնայած քննարկելու առանձնապես բան էլ չկար։ Շատ լավ հասկանում եմ, որ սահմանադրական բարեփոխումներով մենք ոչ միայն կառավարման համակարգ ենք փոխել, այլև կառավարման ողջ փիլիսոփա­յությունը, և տարիներ ի վեր արմատացած ընկալումները նույնպիսի արագությամբ չեն կարող փոխվել։ Առավելագույնը երկու տարի հետո, վստահ եմ, բոլոր նրանք, ովքեր հետևում են իմ ասածներին, խնդրում եմ գրառել, վստահ եմ՝ ոչ մեկի մտքով անգամ չի անցնելու, որ քաղաքական պատասխանատ­վություն ստանձնած ուժի վարչապետին կարելի է դիտարկել կիսանախագահական համակարգի Հանրապետության նախագահի հետ նույն հարթության մեջ, դիտարկել այս անցումը, որպես իշխանության շարունակու­թյուն կամ 3-րդ ժամկետ։ Պարզից էլ պարզ է, որ մեր երկրում արդեն գոյություն չունի առաջնային մանդատով ընտրված գործադիր իշխանության ղեկավար։ Սահմանադրական փոփոխու­թյուններով համապետական մա­կար­դա­կում առաջնային մանդատով օժտված մեկ մարմին կա, դա Ազգային ժողովն է, որից էլ ծնունդ են առում իշխանության մյուս ճյուղերը: Դեռ ամբողջությամբ չի ընկալվել այն գաղափարը, որ որքան էլ մեծ լինի վարչապետի դերակատարությունը ապագա կառավարությունում, այն անհամեմատելի է կիսանախագահական կառավարման համա­կար­գի նախագահի դերակատարության հետ, թեկուզ հենց այն պատճառով, որ նախագահը երբեք քաղաքական պատասխանատվություն չի կրել Ազգային ժողովի առջև: Ես շնորհակալ եմ, որ այս փաստը այստեղ արձանագրվեց: Մարդիկ, դեռ ամբողջությամբ չեն ընկալել, որ այլևս չկա մարդու իշխանություն, որ մարդու փոխարեն իշխանության է եկել քաղաքական ուժ։ Իմ ընտրվելու դեպքում սա լինելու է ոչ թե Սերժ Սարգսյանի ղեկավարման 3-րդ ժամկետը, այլ պառլամենտական Հայաստանում Հայաս­տանի Հանրապետական կուսակցության ղե­կա­վարման առաջին ժամկետը։ Չի՞ ընկալվում այս տարբերությունը քննադատողների կողմից, վստահ եմ, որ ընկալվում է։ Բայց դե ժանրի կանոնն է՝ երբ ամեն ինչ հարթ է ընթանում, որևէ բանի վրա պետք է կենտ­րոնանալ և անընդհատ կրկնել։ Բա հո ձեռքերը ծալած չե՞ն նստելու։

Ավելի երկար խոսել արդեն ամիսներ շարունակ հնչող այսօրինակ դիտարկումների մասին, թերևս, չարժե։ Ամեն ինչ ասվել է, ամեն չասվածն էլ արդեն վաղուց ընկալվել է։

Ինչպես ասացի՝ այսօր դա չէ կարևորը։ Կարևորն առաջին հերթին ինքնին այսօրվա նիստն է, երբ խորհրդա­րանն ընտրում է գործադիր իշխանության ղեկավարին՝ պառ­լա­մենտական երկրի վարչապետին։ Մեզ դեռ տարիներ պետք կգան, մինչև այսպիսի բոլոր՝ մեզ համար նոր գործընթացներն ավանդույթի ուժ ստանան։ Մենք բոլորս միասին առաջ ենք գնում Սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան, և սա այս պահին ամենակարևորն է։

Կրկին շնորհակալություն եմ հայտնում քաղաքական կոալիցիայի և քաղաքական ընդդիմության բոլոր պատգամավորներին այսօրվա քննարկումների համար։ Հայցում եմ բոլորիդ, այդ թվում՝ նաև ընդդիմության քվեն կոալիցիայի թեկնածուի օգտին։ Դա առաջին հերթին կլինի ստանձնած պատասխա­նատ­վության շրջանակում կառավարություն ձևա­վո­­րելու՝ իշխող քաղաքական ուժի իրավունքի հանդեպ հարգանքի քվե։ Դա նաև կլինի քվե հանուն քաղաքական տրամա­բանության, հա­նուն տրամաբանված կա­յունության, որն էլ առաջընթացի թիվ մեկ նախա­պայմանն է։

Շնորհակալ եմ։

Եվ ես խոստացա անդրադառնալ երկու դրվագի: Առաջինը՝ ուզում եմ դիմել պարոն Արամ Սարգսյանին, թեկուզ նա դահլիճում ներկա չէ, քանի որ ես նրա նկատմամբ ունեմ առանձնահատուկ վերաբերմունք ( հասկանալի պատճառներով) և ասել հետևյալը՝ որևէ մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի ծրագրերի, հույզերի, երազանքների մասին, և որևէ տեղ թող որևէ մեկը չշահարկի այս հանգամանքը:

Երկրորդ՝ ուզում եմ երկու շնորհակալություն հայտնել պարոն Մարուքյանին: Նախ շնորհակալ եմ, որ Դուք այս ամբիոնից շատ համոզեցուցիչ ապացուցեցիք, որ` այո´, սահմանադրական բարեփոխումները անհրաժեշտություն էին: Անկեղծ ասած՝ քաղաքական բառապաշարով դժվար էր դա ապացուցել, բայց երբ Դուք ապացուցեք ցույց տալով, փառք Աստծո, այստեղ չկա նկարը, բոլորի համար պարզ դարձավ, որ այլևս չկա նկարի իշխանություն, հասկանո՞ւմ եք՝ այսօր Հայաստանում չկա նկարի իշխանություն, կա քաղաքական ուժի իշխանություն: Եվ երկրորդ շնորհակալությունս կապված է Ձեր «բարի գալուստի» հետ: Շատ շնորհակալ եմ «բարի գալուստի» համար: Եվ որպեսզի մենք ապրենք լուսավոր Հայաստանում, որպեսզի մենք ապրենք բարգավաճ Հայաստանում, որպեսզի մենք ապրենք արդար Հայաստանում, որպեսզի մենք ապրենք օրենքի երկիր Հայաստանում, իրոք, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում հանգած հրաբուխները չարթնանան, իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն:

Շնորհակալ եմ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 
ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30