Այսօր`ապրիլի 17-ի կեսօրին Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի միջնակարգ դպրոցի մի խումբ բարձր դասարանցիներ ոտքով շարժվել են Նոյեմբերյան քաղաք, որպեսզի մասնակցեն Նոյեմբերյանում նախատեսված ցույցին: Նրանք ճանապարհին հայերին համախմբող հայրենասիրական երգեր, նաեւ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռանալու կոչ պարունակող ինքնագործ երգ են հնչեցրել:
Բերդավանի միջնակարգ դպրոցի տնօրեն Արեւիկ Ասատրյանը հայտնեց, որ ինքը 4-րդ դասաժամին դպրոցի 9-րդ դասարանում մայիսյան հերոսամարտերին նվիրված բաց դասաժամի է մասնակցել, երբ իմացել է, որ այդ դասարանի 6 տղա ցույցին մասնակցելու համար դասից բացակայում է: Նա ասաց, որ դպրոցի 9-11-րդ դասարաների թվով 20 աշակերտ Բերդավանից ոտքով քայլել է դեպի Նոյեմբերյան քաղաք, սակայն ավելի քան 3 կմ անցնելուց հետո, Կողբ գյուղի «Ավագի ձոր» տեղամասում նրանց երթը կանգնեցվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատողների կողմից:
Դպրոցի տնօրենը հայտնեց, որ ոստիկանները, որոնց մեջ եղել են նաեւ Բերդավանի բնակիչներ, դպրոցականներին բացատրել են, որ միջպետական, շատ բանուկ ճանապարհին նրանց քայլերթը անվտանգ չէ, Նոյեմբերյան քաղաքում ցույց չի կայանալու:
Արեւիկ Ասատրյանն ասաց, որ ինքը հասել է «Ավագի ձոր» տեղամաս, երբ ոստիկանները բերդավանցի դպրոցականերին համոզել էին վերադառնալ, նրանք քայլելով`ետ են վերադարձել Բերդավան: Ա. Ասատրյանը հայտնեց, որ ինքը աշակերտներին ասել է, որ չափահաս դառնալով՝ նրանք կարող են քաղաքական կյանքի մասնակից դառնալ, ուսման մեջ հաջողություններ ունենալով`զբաղեցնել կարեւոր պաշտոններ եւ այդ կերպ մասնակից լինել Հայաստանի բազում հիմնախնդիրների լուծմանը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Բա մեր նոյեմբերյանցի մարզպետ Աբովյան Հովոն ինչ կարծիքի է? Կարողա ինքն է կազմակերպում?