Այսօր խորհրդարանում իր ամփոփիչ ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձավ «Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթին: Նա նախ շնորհակալություն հայտնեց Մարուքյանին. «Շնորհակալ եմ, որ դուք այս ամբիոնից շատ համոզիչ ապացուցեցիք, որ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտություն էին: Անկեղծ ասած, քաղաքական բառապաշարով դժվար էր դա ապացուցել, բայց դուք ապացուցեցիք՝ ցույց տալով նկարը, փառք Աստծո, այստեղ չկա: Բոլորի համար պարզ դարձավ, որ այլեւս չկա նկարի իշխանություն: Հասկանո՞ւմ եք, այսօր Հայաստանում չկա՛ նկարի իշխանություն, կա քաղաքական ուժի իշխանություն»:
Նա եւս մեկ շնորհակալություն հայտնեց Էդմոն Մարուքյանին՝ «բարի գալուստի» համար. «Որպեսզի մենք ապրենք լուսավոր Հայաստանում, Բարգավաճ Հայաստանում, որպեսզի ապրենք արդար Հայաստանում, օրենքի երկիր Հայաստանում, իրոք, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում հանգած հրաբուխները չարթնանան, իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն»,- սա ասելով՝ Սերժ Սարգսյանն ավարտեց իր ելույթը:
Շուտով քվեարկություն է լինելու, սակայն, մինչ այդ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը 20 րոպե ընդմիջում վերցրեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ