Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշոտյանն եկավ, ասում է՝ եկեք սիրենք միմյանց, պարո՛ն Աշոտյան, ձեզ ո՞նց սիրենք, ձեզ ո՞նց կարելի ա սիրել». Մարուքյանի ելույթը

Ապրիլ 17,2018 16:36

«Եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչի՞ է ամեն ինչ այսքան վատ»,- ԱԺ-ում Սերժ Սարգսյանի վարչապետության հարցի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա անդրադարձավ Սամվել Ֆարմանյանի ելույթին. «Ասում է՝ այ դուք հոռետեսներդ, ոչ մի բան չեք գնահատում, ՀՀԿ-ն ձեզ համար պարգեւ է, ո՞նց կարելի է նման բան ասել, էդ ի՞նչ եք ասում»:

Խոսելով Արմեն Աշոտյանի ելույթի մասին, որտեղ նա հորդորել էր սիրել միմյանց՝ Մարուքյանն ասաց. «Աշոտյանն եկավ, ասում է՝ եկեք սիրենք միմյանց, պարոն Աշոտյան, ձեզ ո՞նց սիրենք, ձեզ ո՞նց կարելի ա սիրել, դուք սիրելու բա՞ն եք, որ ձեզ սիրեն, դուք ձեր արածը նայեք, ձեր ղեկավարած նախարարությունը նայեք, ձեր ղեկավարած երկիրը նայեք, տնտեսությունը նայեք: Ասում եք՝ տուրիզմ ենք զարգացնում: Հայաստանը 30 տարվա երկիր է արդեն, ցերեկային չվերթ չկա դեպի Եվրոպա: Պարո՛ն Սարգսյան, ինչո՞ւ չունենք ցերեկային չվերթ՝ դեպի Եվրոպա, ինչո՞ւ չենք կարողանում ցերեկով գալ ՀՀ: Ո՞նց է տուրիզմը զարգանում: Պերիկլեսի մասին եք խոսում, ձեր հերոսներից խոսեք, ձեր կուսակցությունում այնպիսի մարդիկ կան՝ իրենց գյուղի հրապարակը իրենց անունով են կոչել, ի՞նչ Պերիկլես, էդ մարդկանցից խոսացեք՝ ում որտեղ եք դրել ու ինչով են զբաղված»:

Մարուքյանն ասաց, որ իրենք այն մարդկանցից չեն, որ առաջնորդվում են՝ որքան վատ, այնքան լավ սկզբունքով, լավ բան անում են՝ աջակցում են, օրինակ, կոռուպցիայի հանձնաժողովի օրենքը, բայց հիմա պետք է տեսնեն, թե ովքե՞ր են լինելու այդ կոռուպցիայի հանձնաժողովում. «Մինչեւ հիմա էթիկայի հանձնաժողովն ի՞նչ է արել, Մոնումենտի տները չի՞ տեսել հանձնաժողովը: Պաշտոնյաների կանայք հայտարարագրում են՝ կես մլն դոլար եմ նվեր ստացել, որտեղի՞ց են ստացել: Մենք ստեղ ենք չէ՞ ապրում: Կամ պարոն Ֆարմանյանն ասում է՝Մարուքյանը Վանաձորի սրճարանում նստած՝ ընտրվել է Վանաձորից պատգամավոր, ձեր ծիծաղը գալիս էր: Ախր պարոն Մարուքյանը 31 տարեկանում Վանաձորից մեծամասնականով, չլինելով որեւէ կուսակցության անդամ՝ հաղթել է ձեր սիրելի Վիկտոր Դալլաքյանին, ո՞ւր ա Վիկտորը: Դո՞ւք ոնց եք ընտրվել Մասիվից, ձեզ ոչ թե պետությունն էր աջակցում, ամբողջ պետականությունն էր աջակցում, որ ընտրվեք ու դուք Մասիվի սրճարաններում երբեւէ չեք էլ եղել, Մարիոթում, բանում,, թանկ տեղերն եք ու Վանաձորի սրճարանն եք ասում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30