16:05-Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանդես եկող ցուցարարներին առաջնորդող պատգամավոր Նիկոլ Փաշինյանը շրջում է Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոցների հատման հատվածում: Նա հայտարարեց, որ իր տեղեկություններով՝ որդուն՝ ավելի վաղ բերման ենթարկված Աշոտ Փաշինյանին, արդեն բաց են թողել ոստիկանական բաժանմունքից: «Իմ տղան խեղճացողը չի ոստիկանների գործողություններից»,-ասաց նա:
16:10-Փաշինյանը հայտարարեց, որ ցուցարարներն այս պահից սկսած՝ հավաքվեն Հանրապետության հրապարակում: Հիշեցնենք, որ երեկոյան 18:30-ին այդտեղ հանրահավաք է նախատեսվում: Դեպի Հրապարակ քայլելիս վարորդներից մեկը, որը չէր կարողանում երթեւեկել՝ փողոցների փակ լինելու պատճառով, դիմեց Փաշինյանին.
-Ինչո՞ւ «Սանիթեկը» գիշերը փողոցներից չի հավաքել իր աղբամանները, ինչո՞ւ ոչ-ոք չի գծել փողոցները փակելու քարտեզն ու վարորդներին տեղեկացրել:
-Սա ինքնաբուխ է,-բացատրեց Փաշինյանը:
-Ես հիմա Գնունի ո՞նց հասնեմ
-Կներեք, այսօր հնարավոր չէ, կներեք…,-ասաց Փաշինյանն ու առաջ անցավ:
-Բան չասացի,-առանց վիճաբանելու ասաց վարորդը, ինչին ի պատասխան ցուցարարները ծափահարեցին:
16:15-Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ տեղեկություններ ունենք, որ իշխանությունը սադրիչների խմբեր է բերել: «Գալիս են ու ասում, թե իբր մեր կողմնակիցներն են: Քանի որ մեր հավաքը խաղաղ է, ոստիկանները չեն կարողանում ուժ կիրառել: Բայց սադրիչներ են գալիս՝ երկաթի կտորներով, մեքենաներ ծակում-խազում, որպեսզի ոստիկաններին մեր դեմ գործելու առիթ տան, հայտարարում են, թե պետք է «խփեն», «վառեն»,-ասաց Փաշինյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ