ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը այսօր ԱԺ-ում, որտեղ քննարկվում է Սերժ Սարգսյանի վարչապետության հարցը, իր ելույթում ասաց, որ հայերը հաճախ նմանվում են խեցգետինների այն կաթսային, որտեղից ամեն մեկը կարող է դուրս գալ, բայց բոլորն իրար խանգարում են:
Նա ասաց, որ մի պահ «Ելքի» պատգամավորների ելույթներից զայրացել է, հուզվել, երիտասարդ տարիները հիշել, հետո մտածել է, որ պետք է «Ելքի» այդ պատգամավորներին շնորհակալ լինեն, քանի որ բարդ ընտրություն են այսօր կատարել՝ քաղաքակիրթ քաղաքական համակարգ կայացնելու կարեւոր քայլ:
Աշոտյանը խոսեց արժանապատիվ քաղաքացիների, ժողովրդավարության, հայրենիք սիրելու մասին. «Կարծում եմ, մենք պետք է սովորենք սիրել իրար, չեմ ասում բառերիս ռոմանտիկ իմաստով՝ մարդկային շփումների իմաստով: Մենք այլեւս ատելության լիմիտը սպառել ենք Հայաստանում, դրա իրավունքը չունենք: Մեծ սխալների լիմիտն ենք նաեւ սպառել, դրա իրավունքն էլ չունենք»:
Աշոտյանը աթենական պետական գործիչ Պերիկլեսին հիշեց, որ դժվար է ղեկավարել ազատ մարդկանց:
Իր ելույթը Աշոտյանն այսպես ավարտեց՝ «Երեկ փողոցում զբոսնում էի, մի տարեց մարդն մոտեցավ, ավելի լավ ասաց, քան բոլոր 10 պատգամավորները՝ ԱԺ ամբիոնում: Ասեց՝ Սերժ Սարգսյանը ուժեղ մարդ է, ինքը պարտավոր է երկիրը դզել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ