«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եւ «Ելք» դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանն Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանեց երեկ Ֆրանսիայի հրապարակում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանդես եկող ցուցարարների հանրահավաքում տեղի ունեցած միջադեպը:
Նշենք, որ մինչ բարձրախոսով ելույթ էին ունենում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանը, լսվում էր դերասանուհի, «Սասնա ծռերի» համակիր Թամար Հովհաննիսյանի բղավոցը: Նա, ինչպես Lragir.am-ի տեսանյութում է երեւում, մատ էր թափ տալիս եւ պահանջում իրեն սադրիչ չանվանել, «Սասնա ծռերին» էլ չանվանարկել:
«Թամար Հովհաննիսյանն ինչո՞ւ պետք է ելույթ ունենար, ինձ համար հասկանալի չէ դա,-նախ հարցադրում արեց Տիգրան Ավինյանը, ապա շարունակեց,- շատերն են ուզում ելույթ ունենալ, բայց դա կարող են անել այն անձինք, որոնք միանշանակ կիսում են այս ոչ բռնի պայքարի մեթոդաբանությունը: Կարծում եմ՝ Թամար Հովհաննիսյանն այն մարդը չէ, որը կիսում է այդ մեթոդաբանությունը: Հետեւաբար, նա հարթակի հետ կապ չի կարող ունենալ»:
Ինչ վերաբերում է «Սասնա ծռերին», Տիգրան Ավինյանը նշեց, որ այդ հարցում խնդիրներ չկան. «Մենք ժամանակին բոլոր անհրաժեշտ մեկնաբանություններն արել ենք «Սասնա ծռերի» դեպքի ժամանակ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ