15:10-Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ցուցարարները փակեցին Զաքյան-Խորենացի փողոցների խաչմերուկը: Նրանք նստարաններ, աղբամաններ ու այլ առարկաներ տեղադրեցին հետիոտնային անցումների վրա: Ցուցարարներից մի քանիսը նստել են գետնին: Այս հատվածում ոստիկանական ուժեր դեռեւս չկան:
15:15-Հաղթանակի կամուրջը շարունակում է փակ մնալ: Ցուցարարները հրաժարվում են կատարել ոստիկանների պահանջն ու հեռանալ: Ոստիկանները պատ են կազմել կամրջի սկզբնամասում, ցուցարարներն էլ վիճաբանում են նրանց հետ:
15:18-Ցուցարարները կրկին փակեցին քաղաքապետարանի դիմացի՝ Գրիգոր Լուսավորիչ փողոցի հետիոտնային անցումը: Տաքսու վարորդներից մեկը վեճի բռնվեց փողոցը փակած ցուցարարների հետ: Վերջիններս հայտարարում են, որ որոշ ժամանակ առաջ կարմիր բերետավորները հրել ու քաշքշել են իրենց, բրդել դեպի մայթեզրը: Ցուցարարներից մեկի տեղեկություններով էլ՝ քաղաքացիներից մեկին քաղաքապետարանի դիմացից բերման են ենթարկել:
15:23-Կրկին ժամանեցին կարմիր բերետավորները, որոնք հետիոտնային անցումներից վրայից հեռացրին աղբամանները՝ փորձելով բացել երթեւեկությունը: Մի քաղաքացի բերման ենթարկվեց:
15:25-Քաղաքապետարանի դիմաց եւ Կիրովի անվան այգու մոտակայքում կարմիր բերետավորները լրագրողներին եւ օպերատորներին հրելով՝ հետապնդում եւ բերման են ենթարկում քաղաքացիներին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ