«Ես ինչպե՞ս կարող եմ խոսել մի բանի մասին, որից տեղյակ չեմ»,-խորհրդարանում լրագրողներին այսպես պատասխանեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը: Լրագրողները հետաքրքրվել էին`Նիկոլ Փաշինյանը հայտարարել է թավշյա հեղափոխության մասին, ինչպե՞ս է ինքը դրան վերաբերվում: Լրագրողներից մեկը նկատեց`ինչպե՞ս տեղյակ չէ, փողոցում լարված իրավիճակ է: «Ամեն ինչ շատ հանդարտ է»,- պատասխանեց Սամվել Ֆարմանյանը:
Մանրամասները`տեսանյութում
ՀՀԿ-ի օլիգարխ պատգամավորները Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ), Արկադի Համբարձումյանը (Դերժավայի Արկադիկ) խուսափեցին լրագրողների հարցերին պատասխանելուց: Նրանք, անտարբեր, իբր չեն լսում որեւէ հարց, մտան նիստերի դահլիճ:
Ի դեպ, այսօրվա նիստը բացառիկ էր նաեւ նրանով, որ այս պատգամավորները եկան եւ ստիպված, մինչեւ վերջ մնացին դահլիճում: Սերժ Սարգսյանի ներկայությունը նրանց կաշկանդել էր`այս իմաստով:
Օլիգարխներից միակ համարձակը Սամվել Ալեքսանյանն էր, որը չխուսափեց լրագրողների հարցերից: Aravot.am-ը հիշեցրեց`ժամանակին ասում էիք «Նիկոլը մեր ախպերն ա» եւ հարցրեցինք`չի՞ պատրաստվում աջակցել Նիկոլին`իր գործողություններում: «Էլի եմ ասում, Նիկոլը մեր ախպերն ա: Նիկոլը մեր հետ ա»,- պատասխանեց օլիգարխ պատգամավորը:
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն էլ խուսափեց լրագրողների հարցերից: Ասաց`քվեարկությունից հետո: Նա չպատասխանեց նաեւ երեկ`ոստիկանության կողմից ցուցարարների դեմ կիրառված հատուկ միջոցների մասին հարցին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ