ԱԺ-ում շարունակվում է Սերժ Սարգսյանի վարչապետության հարցի քննարկումը: «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում ասաց. «Առաջին անգամ 6 տարվա մեջ, որ ես ԱԺ պատգամավոր եմ, վերջապես այստեղ է Սերժ Սարգսյանը եւ կարող ենք նրան հարցեր տալ, ելույթներ ունենալ, նրանք կապ չեն ունեցել ոչ մի բանի հետ: Մենք այնպիսի պետական կառավարում ունենք ՀՀ-ում, որ ունենք ֆեյք պաշտոնյաներ, ֆեյք մարդիկ, ֆեյք ինստիտուտներ: Այնպիսի պետական կառավարման համակարգ է ձեւավորված, որ ինչ ասում ենք, ասում են՝ մենք կապ չունենք, ձեր նկարն են ցույց տալիս, ասում են՝ իրան հարցրու»:
Նա հարցրեց նաեւ՝ «Պարո՛ն Սարգսյան. մենք զարմանում ենք ուղղակի, էդ մարդկանց դուք որտեղի՞ց եք գտնում, Հանրային հեռուստաընկերության նախագահը գալիս ՝ այստեղ խոսում է, ելույթ է ունենում, ոչ հայերեն է խոսում, ոչ ռուսերեն…վերջին անգամ «Հայլուր» հաղորդումը ե՞րբ եք նայել, էդ հաղորդումը ձեզ դո՞ւր է գալիս: Ձեր առողջապահության նախարարը մտածում է ամեն օր ինչ անի, որ մարդկանց համար անհարմար լինի, ձեր տրանսպորտի նախարարը գտնում է, որ երկրի թիվ մեկ պրոբլեմը աջ ղեկն է ու ինքը պետք է դրանով զբաղվի, որտեղի՞ց եք դուք գտնում էդ մարդկանց: Ես ուղղակի ապշած եմ՝ ոնց կարելի է հավաքել մարդկանց, որոնք զբաղված են չգիտեմ ինչով, բայց այն, ինչ հուզում է ՀՀ քաղաքացուն, իրենք դրանով զբաղված չեն»:
Նա նաեւ հարցրեց. «Մի հատ պարզ հարց՝ Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցումը չի վերջացել, 10 տարի է՝ դրանից ենք խոսում: Պրոբլեմն այն է, որ բոլորն էլ գիտեն՝ դուք ոչ մի բան չեք փոխել, բոլորը համարում են, որ դուք շարունակելու եք, պահպանելու եք այս համակարգը: Միակ փոփոխությունը, որ եղել է, մեր հարգելի Գալուստ Գրիգորիչն է, ուրիշ փոփոխություն չենք տեսել: Բոլորը գիտեն, որ դուք դառնաք վարչապետ՝ Էդիկ Նալբանդյանին նշանակելու եք նորից արտգործնախարար, մի մարդու, որ արտաքին քաղաքականությունը ձախողել է, նշանակելու եք նույն առողջապահության նախարարին, տրանսպորտի նախարարին»:
Մարուքյանն ասաց, որ վարկ են վերցնում ճանապարհաշինության համար, վարկը կա, փողերը կա, սաղ հարուստ են ու երջանիկ՝ ճանապարհը չկա. «Այստեղ ոչ մի հարց չի լուծվում, ինչ քննարկում ենք, մարդիկ նայում են ձեր նկարին: Մենք եկել ենք այստեղ ձեզ ասենք, որ մենք դեմ ենք՝ ձեր երրորդ պաշտոնավարման ժամկետին: Կա երկու աշխարհ՝ կա ձեր աշխարհը ու մեր աշխարհը: Ձեր աշխարհում ձեզ շրջապատել եք մարդկանցով, ովքեր չեն ասում ձեզ ինչ է կատարվում: Եթե ասում են, ուրեմն պետք է փոփոխություններ լինեին…Մենք հայտնվել ենք ճահիճում, սա ճահիճ է, ֆեյք կառավարման համակարգ: ՀՀԿ-ականներն ասում են՝ ժողովուրդը մեզ է ընտրել, բա մենք պետք է ասենք, ո՞վ պետք է ասի: Ձեր նշանակած դատավորներին նայեք, քաղաքապետներին նայեք: Մարդիկ կան, որ ժողովուրդն ասում է՝ ձեռ եք առնում, ի՞նչ է էս մարդն ուզում մեզնից»:
Նա անդրադարձավ բողոքի ցույցերին. «Այս պահին հազարավոր մարդիկ փողոցներում են, ժամեր անց դուք դառնում եք ՀՀ վարչապետը՝ ձեր ձեւավորած սահմանադրությամբ, ոստիկանապետը ուղղակիորեն ենթարկվում է ձեզ, մեկի քթից արյուն եկավ՝ ձեզ են մեղադրելու: Մեր թիվ մեկ խնդիրն է, ամեն ինչ անել, որ ուժ չկիրառվի հիմա խաղաղ ցուցարարների նկատմամբ»:
Մարուքյանն ասաց, որ Սարգսյանի ոչ իրական աշխարհից է, որ հարցնում է՝ ո՞վ է ընտրություններին փող բաժանել. «Ասում են՝ քաղաքական հայացքների համար մարդիկ կա՞ն բանտարկված, ասում եք՝ չկա, մեկը կա՞ ասի՝ Անդրիաս Ղուկասյանը ինչի՞ համար է բանտում, էն տոնածառի համար բռնված տղեն ինչի՞ է բանտում, որ տոնածառը պրծավ, հիմա էլ նոր գործով է: Պարոն Սարգսյան, բազմաթիվ հարցեր կան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ