Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան. «Մեր նպատակն է կաթվածահար անել կառավարության աշխատանքը»

Ապրիլ 17,2018 14:44

Քիչ առաջ Փաշինյանը հայտարարեց, որ այսօր երեկոյան ժամը վեցին հանրահավաք են անցկացնելու Հանրապետության հրապարակում: «Այսօր Հանրապետության հրապարակը պետք է լցնենք»,-ասաց Փաշինյանը:

Նա նստացույցի համար կամավորների էր հրավիրում, որպեսզի Պետական եկամուտների կոմիտեի բոլոր մուտքերը փակեն: Մի քանիսը ՊԵԿ շենքի տարբեր մուտքերի մոտ մնացին: Փաշինյանը նրանց ասաց, որ երբ դռները բացվեն՝ ներս մտնեն կամ դռների արանքում պառկեն:

Փաշինյանը ՊԵԿ քննչական վարչության շենքի մուտքի մոտ նստացույցի համար կամավորներ էր փնտրում: «Ժողովուրդ, մի տասը հոգի, ո՞վ կգա կամավոր»: Արձագանք չեղավ, ապա Փաշինյանն ասաց՝«Դե լավ, որ ուրիշ նստող չկա, ես կնստեմ», որից հետո մի քանի ցուցարարներ միացան Փաշինյանին: Նա թելադրեց կանոնները՝ «Հենց դռները բացվում են՝ պառկում եք դռների արանքում, մյուսներին կանչում եք, մտնում են ներս, ներսում նստացույց են անում: Ոչ մի բռնություն, ոչ մի բան չենք ջարդում, ոչ մեկի հասցեին թթու խոսք չենք ասում»:

Մի քանի ժամից խորհրդարանական մեծամասնության՝ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանն, ամենայն հավանականությամբ, կընտրվի որպես վարչապետ եւ իր լիազորություններին կանցնի ամբողջությամբ, ուստի նաեւ հրամաններ տալու. ցուցարարների քայլերն ինչպիսի՞ն կլինեն այդ գործընթացում: Այս առնչությամբ Փաշինյանն ասաց, որ ծրագրերը կրկին նույնն են՝ շրջափակել կառավարական շենքեր, նստացույցերը շարունակել նաեւ մարզերում, մի քանի գերատեսչական շենքեր արդեն շրջափակված են, իրենք արդեն սկսել են ժողովրդավարական հեղափոխությունը. «Մեր խնդիրն է կաթվածահար անել պետական ողջ համակարգի աշխատանքը»:

Մինչ ե՞րբ է հնարավոր շարունակել ցույցերը, քանի որ առաջիկայում նաեւ ձեւավորվելու է նոր կառավարությունը, հնարավո՞ր է արդյոք Սերժ Սարգսյանի հրաժարականի հասնել, այս մասին հարցերին ի պատասխան էլ Փաշինյանն ասաց. «Այո, պետք է այդ ճնշումների ներքո այդ պրոցեսները կանգնեն: Եթե մեզ հաջողվում է բլոկ անել ամբողջ պետական համակարգը, արդեն նշանակում է, որ կառավարությունը երկիրը չի կառավարում, այլ երկիրն ինքնակառավարվում է: Դա է մեր նպատակը: Մեր խնդիրը կառավարությունը կաթվածահար անելն է. պատկերացրեք՝ նախարարությունները չեն աշխատում, ոչ մի գերատեսչություն չի աշխատում, ում զանգում են՝ կամ տեղում չի, կամ չի կարող աշխատել, եւ դրանից բխում է այլ հետեւանքներ»:

Ցույցը ցրելու հավանականության մասին էլ Փաշինյանն ասաց, որ իրենք ծրագրել են ցանցային հավաքներ ու ցույցեր անել, այսինքն՝ այնպես կազմակերպել, որ նման ցույցերը հնարավոր չլինի ցրել:

 Հիշեցենք, որ Փաշինյանն այսօր հայտարարել է՝ մեկնարկում է ժողովրդական ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30