Գյումրիում բողոքի ցույցի դուրս եկած երիտասարդները մոտ մեկ ժամ Շիրակի մարզպետարանի տարածքը շրջափակելուց ու նստացույց անցկացնելուց հետո այս պահին քայլերթով դարձյալ շարժվում են Անկախության հրապարակ՝ բացականչելով. « Քայլ արա, մերժիր Սերժին»։
Նրանց թիվը բավականին մեծ է, ուսանողներին միացել են նաև դպրոցականներ, որոնց, ի դեպ, փորձեցին մի պահ հետ կանգնեցել ծնողների ու դպրոցի տնօրեններին միջոցով, սակայն ականատես եղանք, որ նրանցից մեկը հեռախոսով կտրուկ մերժեց տուն վերադառնալ՝ հայտարարելով, որ մինչև վերջ իր դիրքորոշումը հայտնելու է։
Նշենք նաև, որ քիչ առաջ, երբ երիտասարդները դարձյալ փակել էին Անկախության հրապարակը, պարբերաբար ինչ-որ մեքենաներ, անտեսելով գետնին նստած երիտասարդներին, փորձում էին մուտք գործել հրապարակ։ Սակայն մեծ դիմադրության հանդիպելուց հետո, ստիպված էին կամ կայանել տեղում, կամ հետ դառնալ։ Նույնիսկ մի միջադեպի ականատես եղանք, երբ երիտասարդները հրելով հետ դարձրեցին մեքենան։
Երիտասարդներն ընթացքում քոչարի են պարում ու հայրենասիրական երգեր կատարում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ