Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Վստահ եմ՝ ՀՀ-ում այսօր գոնե 60%-ը դժգոհ է ամեն ինչից, բայց դժգոհ լինել՝ չի նշանակում ըմբոստանալ». Սերժ Սարգսյան

Ապրիլ 17,2018 14:06

«Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը ԱԺ-ում Սերժ Սարգսյանին 6 հարց ուղղեց: Նա նախ հարցրեց ընտրությունների արդյունքներից, ընտրախախտումներից. «Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ընտրողները մտածում են, թե 2017-ի խորհրդարանական մեծամասնությունը ձեւավորվել է ընտրակաշառքով: Ձեր գնահատականը ո՞րն է դրա վերաբերյալ: Ինչպե՞ս եք մտածում ապահովել, որ մարդիկ հավատան ընտրությունների արդյունքներին եւ այսօրվա ընդվզման նման բան տեղի չունենա երկրում, հազարավոր մարդիկ ընդվզում են»:

Նա նաեւ հարցրեց՝ ՀՀ-ում քաղաքական հայացքներով պայմանավորված հետապնդումներ եղե՞լ են, կամ օրենքով չնախատեսված պատիժ, աշխատանքից ազատում առկա՞ է, թե՞ ոչ:

Հետո հարցրեց՝ նախագահության տարիներին քրեական գործերով արդարադատության վրա ազդեցություն ունեցե՞լ եք, 95 տոկոս դեպքերում գործը շահում են քննիչները, ՄԻԵԴ-ում ՀՀ-ն պարտություն է կրում:

Սարգսյանը նախ դժգոհեց՝ «Հարցին հացով պատասխանեմ, պարոն Զեյնալյան, ի՞նչ եք կարծում, ինձ հատկացված այս կարճ ժամանակահատվածում ի վիճակի՞ եմ պատասխանել 6 հարցի»:

Հետո նա պատասխանեց. «Ես համաձայն չեմ այն պնդումների հետ, թե ընտրությունները տեղի են ունեցել համատարած ընտրակաշառքով: Իմ ու ձեր կարծիքը կարող է սուբյեկտիվ լինել, օբյեկտիվությունը միջազգային կառույցների զեկույցներն են, ըստ որոնց ՀՀ ընտրությունները ժողովրդի կամքի արտահայտությունն է: Եթե համատարած կաշառք բաժանեին, ժամանակակից տեխնիկայի պայմաններում, երբ ամեն գործիք հիմա նկարում է, հիմա մեր ընդդիմության ներկայացուցիչները, դիտորդական առաքելություն իրականացնողները բազմաթիվ տեսանյութերով ողողած կլինեին համացանցը»:

Նա չբացառեց, որ բարեգործության անվան տակ որոշ դեպքեր եղած լինեն, բայց դրանք, ըստ Սարգսյանի, չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Սերժ Սարգսյանն անդրադարձավ նախկինում հնչող քննադատություններին, որ ցուցակներում մահացածներ են. «Գտանք այն ձեւը, մեխանիզմը, որն այդ առասպելը հօդս ցնդեցրեց»: Սարգսյանն ասաց, որ ապագայում էլ կգտնի այն ձեւը, որով հօդս կցնդեցնեն նաեւ այն առասպելը, որ ՀՀ-ում ընտրում են միայն կաշառք տալով:

Ինչ վերաբերում է ՄԻԵԴ որոշումներին՝ Սարգսյանն ասաց, որ իրավազորությունը ոչ միայն փաստաթղթով, այլեւ էությամբ են ստանձնել, որեւէ չկատարված պարտավորություն չկա. «Նախնական կալանքի դեպքերում մենք ոնց որ թե մի քիչ շեղվել ենք եվրոպական չափանիշներից, բայց պետք է հաշվի առնենք պայմանները»:

Նա ասաց, որ չի կարծում տոկոսներով ու թվերով պետք է որոշեն դատական համակարգի արդյունավետությունը:

Ինչ վերաբերում է իր միջամտությանը քրգործերին եւ քաղբանտարկյալների գործերին՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Առանձին քրգործերում էլ ավելի մեղմ են դատարանները վերաբերվել, երբ քրեական հանցագործություններ են կատարվել»:

Զեյնալյանն արձագանքեց, որ ընտրակաշառքի մասին դիտարկումներում հենվել է նաեւ դիտորդական առաքելությունների եզրակացությունների վրա. «Իմ օգտին քվեարկած անձինք կային, որոնք ասում էին, որ 3 տեղից 10 հազար դրամ ընտրակաշառք են վերցրել, այդպիսի դեպքեր շատ կային»:

Սերժ Սարգսյանը ամբիոնի մոտ ժպտաց՝ սա լսելով: Նրա խոսքով՝ ես չեմ պնդում, որ ընդհանրապես խախտումներ չկան, աշխարհի բոլոր երկրներում բոլոր քաղաքական պրոցեսների ընթացքում միշտ էլ լինում են պրոբլեմներ, խնդիրը դրանց քանակի, նաեւ իշխանությունների վերաբերմունքի մեջ է: Ամենաօբյեկտիվ գնահատականը, իհարկե, մեր ժողովրդի գնահատականն է, նաեւ միջազգային մասնագիտացված կառույցներինը:

Նա ասաց, որ վստահ է՝ ՀՀ-ում այսօր շատ մարդիկ, գոնե 60 տոկոսը դժգոհ է ամեն ինչից, բայց դժգոհ լինել՝ չի նշանակում ըմբոստանալ, դժգոհ լինել՝ չի նշանակում ամեն ինչ մերժել: Շատ հնարավոր է ընտանիքներում երեխան էլ է դժգոհ լինում ծնողի վերաբերմունքից, բայց դա չի նշանակում հակամարտություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30