«Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը ԱԺ-ում Սերժ Սարգսյանին հարցրեց նրան տրված առանձնատան մասին. «Դուք ստորագրե՞լ եք կառավարության այն որոշումը, որով կառավարության ամառանոցի առանձնատունը սեփականության իրավունքով հանձնվում է ձեզ»:
Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Ինչ վերաբերում է ինձ առանձնատուն հատկացնելուն՝ կարծում եմ, այս շենքում է այդ օրենքն ընդունվել: Եթե դրանից օգտվել են նախորդ երկու նախագահները, ես էլ եմ օգտվել այդ օրենքից: Եթե օրենքով ինձ չի հասնում, կարող եմ հետ վերադարձնել, բայց եթե հասնում է, կարծում եմ, դուք պետք է շնորհավորեք, որովհետեւ բոլոր դեպքերում ես էլ ունեցա սեփականություն Երեւանում»:
Զեյնալյանն ասաց, որ անարդար կլիներ, եթե որեւէ սեփականություն չհանձնեին պաշտոնաթող նախագահին, բայց ոչ այդ տնտեսությունից տային: Սերժ Սարգսյանն էլ պատասխանեց՝ բայց ի՞նչ տարբերություն, որ տնտեսությունից է. «Եթե տեսնեի տարբերություն՝ կխնդրեի, որ այլ տեղից տային, բայց պետության համար շահեկան է դա, լրացուցիչ պահպանել պետք չի, լրացուցիչ տեղ պետք չի: Այդ օղակում մի քանի առանձնատներ կան, այնտեղ մինչեւ հիմա ազատ է ԱԺ նախագահի առանձնատունը, պարոն Բաբլոյանը չցանկացավ գալ այնտեղ, ազատ է վարչապետի համար նախատեսված առանձնատունը, վարչապետը չցանկացավ գալ այնտեղ, ազատ է նախագահի համար նախատեսված առանձնատունը, այդտեղ որեւէ խնդիր ես չեմ տեսնում: Եթե տեսնեի, ես ինչ-որ կերպ կփորձեի խոչընդոտել այդ քայլին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ