Aravot.am-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանից հետաքրքրվեց, այս պահին քանի տոկոս հաճախելիություն ունեն եւ արդյոք ուսանողները դասադուլ են հայտարարել:
«Մոտավորապես 20 տոկոս հաճախելիություն է մեզ մոտ առաջին-երկրորդ ժամերին, հաջորդ ժամերի տվյալները դեռ չունենք»,-ասաց ռեկտորը:
Նա հավելեց. «Ես սա շատ ավելի կապում եմ տրանսպորտի հետ, որովհետեւ մեծ թվով ուսանողներ ուղղակիորեն ուշացած են գալիս: Որեւէ պաշտոնական նման բան, որ դասադուլ են հայտարարել, չկա»:
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի պրոռեկտոր Սեւակ Խաչատրյանը պատասխանելով Aravot.am-ի հարցին, նշեց. «Այսօր սովորական օրերի համեմատությամբ բավականին քիչ ուսանողներ են եկել համալսարան, սակայն, ըստ իս, պատճառն այն է, որ տրանսպորտ չի աշխատում»
ԵՊՀ ռեկտորի մամուլի քարտուղար Գեւորգ Էմին-Տերյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Դասադուլ չկա, որովհետեւ հայտարարություն չի արվել: Շատ քիչ ուսանողներ են եկել դասի, բայց պատճառն այն է, որ ճանապարհները փակ են»:
«Հայկական պետական մանկավարժական համալսարանում դասապրոցեսն ընթանում է բնականոն հունով: Ընդհանուր հաշվով, սակայն, դասերին մասնակցում է ուսանողների մոտ 50 տոկոսը: Չենք բացառում, որ առանձին ուսանողներ կարող են մասնակցել ցույցերին, սակայն մենք դրա մասին տեղեկություններ չունենք: Բացակայությունների հիմնական պատճառը տեխնիկական է, քանի որ մեր ուսանողների 80 տոկոսը հարակից մարզերից է, և ըստ ամենայնի, Երևան հասնելու խնդիր է ունեցել»,-տեղեկացրին ՀՊՄՀ լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի պրոռեկտոր Սմբատ Դավեյանը Aravot.am-ին հայտնեց, որ այսօր դասատախտակով նախատեսված ուսումնական պարապմունքների 78-80 տոկոսը կայացել է. «Բայց ուսանողների հաճախումը, որ սովորաբար համալսարանում կազմում է 88-93 տոկոս, այսօր 60-63 տոկոս է կազմել»:
Նա հավաստիացրեց, որ թվերը հավաստի են: Նշեց, որ բոլոր դեկանները ծնողների հետ կապի մեջ են. «Ծնողները հավաստիացնում են, որ երեխեքին տարբեր պատճառներով թույլ չեն տվել տանից դուրս գալ: Ամբողջ օրը բոլոր դեկանները զբաղվել են հաճախումների հարցով: Տեղեկացված ենք, ծնողներ եւ ուսանողներ են զանգահարում, որ չեն կարող գալ համալսարան տարբեր պատճառներով: 5 հոգանոց խումբ ունենք, որը զբաղվում է ուսանողների հաշվառումով»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Մյուս բուհերի մասին` քիչ անց: