ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանի վարչապետության հարցն է քննարկվում:
Սերժ Սարգսյանն իր ելույթում անդրադարձավ իր այն հայտարարությանը, որն արել էր 2014-ին՝ վստահեցնելով, որ չի հավակնում ԱԺ նախագահի պաշտոնին եւ սահմանադրական փոփոխություններից հետո վարչապետ էլ չի լինի:
Նրա բացատրելով՝ «Հարց է առաջանում՝ մի՞թե չէի կարող կանխատեսել այսօրը, երբ Սահմանադրական բարեփոխումների ամենասկզբում հայտարարում էի, որ չեմ հավակնի վարչապետի պաշտոնին: Իհարկե, կանխատեսում էի, եւ այդ մասին արդեն առիթ եմ ունեցել խոսելու: Նորից չեմ խոսի քաղաքական համատեքստն ընկալելու կամ իմ հավակնությունների դե ֆակտո բացակայության մասին, բայց կավելացնեմ մի միտք, որը բխում է ելույթիս սկզբնամասի ասելիքից: Այսօր այս ամբիոնին կանգնած է ոչ թե անհատ, քաղաքական պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ոչ ՀՀ երրորդ նախագահը: Նրանցից ոչ մեկը այստեղ գործ չունի անելու եւ այսօրվա քվեարկությամբ դրված չէ մեկին կամ մյուսին հավանություն տալու կամ չտալու հարցը: Այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը ստանձնող ՀՀԿ ղեկավարը:
Ես այստեղ եմ նախեւառաջ՝ որպես իշխող կուսակցության ղեկավար՝ հօգուտ իմ թեկնածության ասելու, որ ունեմ բավարար ազդեցություն եւ հնարավորություններ՝ ստանձնած քաղաքական պատասխանատվության շրջանակում ապահովելու խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներդաշնակ աշխատանքը՝ իշխանության օրենսդիր եւ գործադիր թեւերում:
Կառավարման խորհրդարանական համակարգը բացառում է կառավարության եւ պառլամենտական մեծամասնության միջեւ հակասությունը: Ես պատրաստ եմ լինել այդպիսի հակասության բացառման երաշխավորը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ