«Փառք Աստծո, Նիկոլ Փաշինյանն առնվազն հայտարարությունների միջոցով ամեն ինչ անում է, որ բախումներ չլինեն, խաղաղ անցնեն ցույցերը, բայց երբ հազարավոր մարդիկ են, կարող է կայծից բոց բորբոքվել»,- ասաց Աղվան Վարդանյանը:
«Մենք անում ենք մեր գործառույթները»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ԱԺ հատուկ նիստին եւ փողոցում ընթացող բողոքի ցույցերին վերաբերող տարբեր հարցերին այսպես արձագանքեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:
Կոալիցիոն պատգամավորը հորդորում է բողոքի ցույցերի մասնակիցներին եւ ցույցերը վերահսկող ոստիկաններին`երկուստեք խոհեմություն դրսեւորել եւ բախումներից խուսափել:
Հարց հնչեց` պատգամավորները կենդանի պատ կազմե՞ն, ինչպես «Էլեկտրիկ Երեւանի» ժամանակ, Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ այս պահին դա հնարավոր չէ, որովհետեւ պատգամավորները պետք է իրենց գործառույթը իրականացնեն`ընտրեն ՀՀ վարչապետին:
Արդյոք այսօր քվեարկություն կլինի՞`հարցին էլ պատգամավորը պատասխանեց`հարցերը կավարտեն`«Կհասցնե՞նք` կքվեարկենք, չենք հասցնի` վաղը կշարունակենք նիստը»:
«Բնական է, եթե պատնեշը հաղթահարելու փորձ անեն, ուժային կառույցներն իրենց գործը պետք է կատարեն: Սա երկու կողմի խնդիրն է: Փառք Աստծո, Նիկոլ Փաշինյանն առնվազն հայտարարությունների միջոցով ամեն ինչ անում է, որ բախումներ չլինեն, խաղաղ անցնեն ցույցերը, բայց երբ հազարավոր մարդիկ են, կարող է կայծից բոց բորբոքվել»,- ասաց Աղվան Վարդանյանը`հավելելով, որ լարված իրավիճակ է եւ սա չի կարող չանհանգստացնել որեւէ մեկին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ