Այսօր ԱԺ հատուկ նիստում, որտեղ ՀՀ վարչապետի ընտրության հարցն է քննարկվում, մասնակցում է 91 պատգամավոր: ԱԺ նախագահն առաջարկեց նիստը շարունակել՝ մինչեւ օրակարգային հարցի սպառումը եւ ընդամենը կես ժամ ընդմիջում անել: Առաջարկն ընդունվեց:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ներկայացրեց ՀՀԿ-ի վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին:
Նա ասաց, որ իր համար պատիվ է դա անել: Վահրամ Բաղդասարյանը մինչ Սարգսյանին ներկայացնելը՝ շնորհակալություն հայտնեց Կարեն Կարապետյանին եւ նրա ղեկավարած կառավարությանը. «Այսօր իսկապես պատմական օր է, պատմական պահ: Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին իրականացված տնտեսական եւ քաղաքական բարեփոխումների շարքում առանձնահատուկ տեղ ունեն կառավարման համակարգի բարեփոխումները, կառավարման կիսանախագահական համակարգից խորհրդարանական կառավարման անցումը»:
Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ նախկինում էլ վարչապետն իր դերն ունեցել է, բայց 2015-ի դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների համաձայն, այսուհետ կառավարությունն է միակ մարմինը, որ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, պետական կառավարման համակարգի ղեկավարումը, ֆինանսատնտեսական, հարկային միասնական քաղաքականությունը, ԶՈՒ-ն լինելու են կառավարության ենթակայության ներքո, իսկ պատերազմի ժամանակ ԶՈՒ գերագույն հրամանատարի դերը ստանձնելու է վարչապետը: Այս չափազանց պատասխանատու, դժվար ու բարդ լիազորությունները կարող է իրականացնել այն մարդը, որն ունի պետականաշինության ու պետական կառավարման հարուստ ու արդյունավետ փորձ, որոշումներ կայացնելու վճռականություն, անցած ճանապարհ, միջազգային հեղինակություն. «Արեւելքից եւ արեւմուտքից ոչ բարեկամ հարեւաններով շրջապատված մեր հայրենիքը, որի սահմաններին հնչում են կրակոցներ, կարիք ունի այնպիսի ղեկավարի, ով սեփական օրինակով, ապրած կյանքով է ապացուցել անկախության անվտանգության երաշխավոր լինելը»:
Բաղդասարյանն ասաց, որ Սերժ Սարգսյանը մարդ է, որը «իր սառնասրտությամբ, իր վարած քաղաքականությամբ, ճշգրիտ քայլերով, բաց երկխոսությամբ կարողանում է մեծ թիմ առաջնորդել ու հմտորեն դիմագրավել մարտահրավերներին: Այդպիսին է մեր թեկնածուն՝ Սերժ Ազատի Սարգսյանը: Միգուցե ոմանք համաձայն չեն եղել նրա այս կամ այն քայլի հետ, վարած քաղաքականության հետ, սակայն նրա կեցվածքը, հեղինակությունն ու դերը, դիրքը, ճկուն միտքը, դիվանագիտական հմտությունները, պետական ու ազգային շահի գերակայությունը միջազգային ցանկացած հարթակում անխռով տանելու հաստատակամությունը գնահատված են ըստ արժանվույն: Իսկ ամենամնայուն գնահատակաները, իհարկե, տալու է պատմությունը: Սերժ Սարգսյանի անցած ուղուն քաջատեղյակ է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, անուրանալի է նրա դերը արցախյան գոյամարտի տարիներին»:
Բաղդասարյանն ասաց, որ Սերժ Սարգսյանն իր գործերով, նպատակներով ու երազանքներով նվիրվել է ՀՀ-ի եւ Արցախի անվտանգության, սահմանների պաշտպանության կենսական խնդրի լուծմանը:
Վահրամ Բաղդասարյանը նաեւ նշեց, որ Սերժ Սարգսյանը դժվար պահին ստանձնեց ամենապատասխանատու պաշտոններից մեկը՝ ՊՆ նախարարի պաշտոնը: Նրա համար անվտանգության ապահովումը եղել է առաջային: Երբ նայում ենք իր կենսագրական տվյալները՝ հասկանում ենք մի պարզ բան՝ նա այն անհատներից է, որը նվիրվել է հայրենիքին, նրա անվտանգության պաշտպանությանը, զարգացմանը:
Բաղդասարյանը ներկայացրեց Սերժ Սարգսյանի կենսագրությունը, ասաց, թե ինչ պաշտոններ է զբաղեցրել, իսկ 2007-ին, երբ Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ վարչապետի պաշտոնը, Բաղդասարյանի խոսքով, դա տնտեսության որակական թռիչքի տարի էր, բոլոր մակրոտնտեսական ցուցանիշներին նոր որակ ու հետագա տարիների համար նշաձող սահմանող տնտեսական տարի:
Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահության տարիների մասին խոսելով՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ այդ տարիներին ՀՀ ներքին քաղաքականությունը խարխլելու փորձեր եղան, ապրիլյան պատերազմ եւ այլն եւ այդ ամենը հաղթահարելու ողջ դժվարությունը էլի Սերժ Սարգսյանի ուսերին է եղել. «Իհարկե, եղել են անհատներ, խմբեր, ովքեր պատեհ-անպատեհ քննադատել են նրա անձը, վարած քաղաքականությունը, քննադատում էին հատկապես արտաքին քաղաքականության համար: Ժամանակը, սակայն, ապացուցեց այդ քննադատությունների հիմնազուրկ լինելը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականությանը վերաբերող»:
Ելույթի վերջում Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, գնահատելով Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը՝ կրկին իր ուսերի վրա տանելու յուրաքանչյուրի խնդիրը, հեռատեսությունը, ապահովելու ՀՀ զարգացումը, սահմանների անսասանությունը, ՀՀ-ն միջազգային հարթակներում ամենափայլուն ձեւով ներկայացնելու նրա կարողությունը՝ ՀՀ վարչապետի թեկնածու են առաջադրում հենց նրան:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ