Ազգային ժողովի ընդդիմադիր «Ծառուկյան» խմբակցությունը հստակ որոշում չունի ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի առաջարկած վարչապետի թեկնածուի քվեարկության մասին:«Թողնված է ազատ քվեարկություն, յուրաքանչյուրը կքվեարկի իր խղճի մտոք»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Տիկին Զոհրաբյանը հայտարարեց, որ ինքը դեմ է քվեարկելու: Իր գործընկերներից ով ինչ կքվեարկի՝ ինքը չգիտի: Ասաց, որ քվեարկությունը բաց է լինելու, բոլորն էլ կարող են տեսնել, թե ով ինչպես է քվեարկել:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ, թե ինչպես է տիկին Զոհրաբյանը խորհրդարան եկել: Ասաց՝ հանգիստ, ոստիկանները բացել են ճանապարհը, ինքն էլ անցել է:
Պատգամավորը անհեթեթություն որակեց լրագրողներից մեկի այն դիտարկումը, որ պատգամավորները գիշերել են խորհրդարանի շենքում:
Խոսելով փողոցում ընթացող բողոքի ցույցերի մասին, որը ղեկավարում է ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, տիկին Զոհրաբյանն ասաց, որ ցանկացած քաղաքական ուժ իրավունք ունի տարբեր գործողություններ անել, որոնք կլինեն օրենքի շրջանակներում:
Տիկին Զոհրաբյանը լրատվամիջոցների ուղիղ հեռարձակումներով հետեւել է բողոքի ակցիաներին եւ հակաօրինական գործողություններ մինչ այս պահը չի տեսել: Նա կարծում է, որ ժողովրդավարական գործընթաց է այժմ ընթանում, քաղաքական մեծամասնությունն ունի որոշում, ընդդիմադիր որոշ ուժեր համամիտ չեն այդ որոշման հետ: Հետեւաբար, Սահմանադրությամբ թույլատրված տարբերակներով նրանք կարող են արտահայտել իրենց բողոքը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ