Փողոցում ընդդիմության հաղթանակի դեպքում Հայաստանը թշնամական դիրքորոշում կզբաղեցնի Ռուսաստանի նկատմամբ: Այդպես են քաղաքագետները գնահատում Երևանում տեղի ունեցող իրադարձությունների հեռանկարները: Որոշ առումով ընդդիմության ցույցերը հիշեցնում են Կիևի և հենց Հայաստանում երեք տարվա վաղեմության իրադարձությունները: Ովքեր են ընդդիմադիրները, և ինչ են նրանք ուզում, ռուսական «Վզգլյադ» թերթում փորձում է վերլուծել Միխայիլ Մոշկինը:
Ավելի քան երկու տասնյակ ցուցարարներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել Երևանում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումներում, ծանր վիրավորների թվում կա առնվազն մեկ ոստիկան: Ռուսաստանի ԱԳՆ-ն կանխատեսում է հուզումների շարունակություն և խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին խուսափել զանգվածային կուտակումների վայրերից:
Երևանում կատարվող իրադարձությունները հոդվածագիրը նկարագրում է որպես «անկարգություններ», որի մասնակիցները փորձել են արգելափակել փողոցները և փակել մեքենաների ճանապարհը:
Հոդվածագիրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Երևանում կատարվող իրադարձություններին ուշիուշով հետևում են արևմտյան և ուկրաինական ԶԼՄ-ները:
Բողոքարարների մարտավարությունը հիշեցնում է «գունավոր հեղափոխությունների» , այդ թվում հետխորհրդային տարածություններում ցուցարարների վարքը, շարունակում է հոդվածագիրը: Բայց կա նաև նոու-հաու: Ընդդիմադիրները փորձել են կաթվածահար անել երևանյան մետրոյի աշխատանքները: Երիտասարդները պարզապես պառկել են մետրոյի վագոնների բաց դռների արանքում:
Ըստ հեղինակի՝ գործը հասել է նաև վանդալիզմի: «Մետրոյի ղեկավարությունից հայտնել են, որ ցուցարարները կոտրել են «Բաղրամյան կայարանի» շարժասանդուղքը, որտեղից հնարավոր է մտնել խորհրդարան: Այդ պատճառով այդ կայարանում գնացքները կանգառ չեն կատարում»:
Հոդվածագիրը կանխատեսում է, որ Երևանի կենտրոնը ապրիլի 17-ին բախումների հրապարակ է դառնալու: Ինչու՞ է Մայդանի կամ դրա փորձի համար պատճառ դարձել կառավարության ղեկավարի հաստատումը:
Հոդվածագիրը պատմում է, որ մարտի սկզբին Հայաստանում առաջին անգամ նախագահ ընտրվեց ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ խորհրդարանի կողմից, և ապրիլից Հայաստանն անցում է կատարել կառավարման խորհրդարանական կարգի: Իշխանության հիմնական լծակներն անցնում են վարչապետին, իսկ վարչապետի հիմնական թեկնածուն 10 տարի իշխանության ղեկին գտնվող Սերժ Սարգսյանն է: Կարծիք կա, որ Սարգսյանը որոշել է մնալ երկրի դե ֆակտո ղեկավար, այդ թվում այն պատճառով, որ «չի վստահել մեկին, ում կարող է վստահել արտաքին քաղաքականություն, մասնավորապես Ռուսաստանի հետ հարաբերությունները», հոդվածի հեղինակին ասել է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:
«Երևանի իրադարձություններն ունեն Մայդանի բոլոր նախանշանները,- ասել է քաղաքագետ Սերգեյ Մարկովը:- Դրանք կազմակերպված են ամերիկյան դիրքորոշում ունեցող արևմտյան քաղաքական ուժերի կողմից: Նրանք ակտիվորեն ֆինանսավորվում են Միացյալ Նահանգներից»: Երկրորդ նախանշանը, ըստ քաղաքագետի, այն է, որ ցույցերն առաջացել են հենց իշխանության փոխանցման պահին: Երրորդն այն է, որ ընդդիմությունը գործում է «ընդդեմ այն առաջնորդի, որը խնդիրներ ունի ժողովրդականության հետ»: «Սերժ Սարգսյանը, իհարկե, պահպանում է առաջնորդի դերը, բայց նրա նկատմամբ բազմաթիվ դժգոհություններ կան տարբեր սոցիալական խմբերի կողմից»,- ասել է Մարկովը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ