Րոպեներ անց Ազգային Ժողովի նիստում տեղի կունենա ՀՀ վարչապետի ընտրությունը: Վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է՝ առաջադրված կոալիցիայի կողմից: Եվ չնայած ոստիկանությունը կոչ է արել դադարեցնել հանրահավաքը եւ այն կասեցնելու մասին որոշում է կայացրել, այդուհանդերձ Նիկոլ Փաշինյանը հազարավոր քաղաքացիների հետ այս պահին շարժվում է դեպի Բաղրամյան պողոտա՝ Ազգային ժողովի շենք:
ԱԺ-ի շենքը ոստիկաններով շրջապատված է: Լարված իրավիճակ է նաեւ Պռոշյան փողոցին հարող հատվածում, որտեղից Սերժ Սարգսյանի շարասյունը պիտի մոտենա Ազգային ժողովի շենքին: Այս պահին ոստիկանները մի քանի երիտասարդների նստեցրին ոստիկանության ավտոբուսներ:
«Քայլ արա, մերժիր Սերժին», «մի-ա-ցե՛ք», «մենք ենք տերը մեր երկրի», «Ազատ, անկախ, Հայաստան» վանկարկումներով եւ ծափահարություններով քաղաքացիները գնում են Նիկոլ Փաշինյանի հետեւից: Պարոն Փաշինյանը հայտարարեց, որ Մեծամորում եւ Կապանում նույնպես բողոքի ցույցեր են արվում դասադուլի տեսքով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ