Փաշինյանի հավաստիացումները, թե ինքը թույլ չի տա, որ այս շարժումն արյունահեղության ու անկարգության վերածվի, ՀՀ ոստիկանության, ես կասեի, ծով համբերությունը, ինչպես նաեւ շարժման մասնակիցների եւ մյուս քաղաքացիների միջեւ հանդուրժողականությունը դեռեւս երաշխիք չեն այն բանի, որ ամեն ինչ կավարտվի նույն խաղաղությամբ, ինչպես սկսվել է: Ադրենալինի ամենափոքր չափաբաժինն անգամ բավական է, որ ցուցարարները դառնան անկառավարելի, հետեւաբար՝ նաեւ խոցելի սադրիչների համար: Այս դեպքում արդեն աննախանձելի վիճակում է հայտնվելու ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլեւ իշխանությունն ու Սերժ Սարգսյանը:
Կարծում եմ՝ կարիք չկա եւս մեկ անգամ ասելու, որ այս շարժումը չունի քաղաքական ծրագիր: Այն քաղաքական խնդիր չի դրել իր առջեւ եւ եթե Աստծո կամոք անփորձանք ավարտ ունենա, ապա արդյունքում մնալու է միայն հերթական հիասթափության զգացումը:
Բայց այս շարժումն արդեն իսկ կատարել է իր գլխավոր խնդիրը` Նիկոլ Փաշինյանի համար ապահովելով ընդդիմության անվիճելի առաջնորդի կարգավիճակը, մի բան, որ մի քանի օր առաջ դեռեւս վիճարկելի էր: Ասել, որ Հայաստանում ընդդիմություն չկա, այնքան էլ ճիշտ չէ: Երեկ գուցե դեռ այդպես էր, բայց այսօր` ոչ:
Դժվարությամբ եմ զսպում ցանկությունս, որպեսզի չասեմ, որ Սերժ Սարգսյանին հաջողվեց «համախմբել» ընդդիմությանը Նիկոլ Փաշինյանի դրոշի ներքո եւ կանխորոշել իշխանություն-ընդդիմություն հետագա աշխատանքը: Եթե սա այն է, ինչ ես եմ մտածում, ապա հաջողություն եմ մաղթում Սերժ Սարգսյանին եւ Նիկոլ Փաշինյանին: Բայց միեւնույն ժամանակ կցանկանայի երկուսին էլ հիշեցնել, որ երրորդը միշտ խաղի մեջ է մտնում ամենաանսպասելի պահին։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում