«Ելք» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մանրությանը քիչ առաջ լրագրողներին հայտնեց, որ իր տեղեկություններով, բոլոր հանրապետական պատգամավորներն արդեն ԱԺ-ում են:
«Բոլորն այստեղ են, թե գիշերն են եկել, ոնց են եկել, չգիտեմ, բայց այստեղ են, նիստը գումարվելու է: Եթե մինչեւ այդ ոչինչ չլինի ու քվեարկություն լինի, անպայման դեմ պետք է քվեարկել: Չի կարելի թուլ տալ, որ Սերժ Սարգսյանն այստեղ ընտրվի այնպես, ինչպես Հյուսիսային Կորեայում»,- ասաց պատգամավորը:
Հարցին, թե միանալո՞ւ են Նիկոլ Փաշինյանին, պատասխանեց՝այդ հարցին արդեն պատասխանել ենք:
Մեկ այլ հարցի՝ գուցե ընդհանրապես չմասնակցեն քվեարկությանը, Էդմոն Մաքրությանն ասաց, որ դա Սերժ Սարգսյանի ամենասիրելի ձեւն է. «Ընդհանրապես չմասնակցելը Սերժ Սարգսյանի ամենասիրած բանն է, որ հանգիստ գա, ընդհանրապես ոչ մեկ ոչ մի բան չի ասում, ինչպես Ծաղկաձորում ընտրվեց, ընդհանրապես ամեն ինչ լավ է: Բայց մենք եկել ենք, որ ընդհանրապես լավ չլինի: Եթե նիստ է գումարվում, ու մենք չենք մասնակցում, ապա նշանակում է, որ թույլ ենք տալիս, որ ընտրվի առանց իրեն ուղղված ասելիքի, որը բխում է ՀՀ քաղաքացիների սրտից»:
Նա նաեւ ասաց, որ ցանկացած բռնության դեպքում կրկին կլինեն քաղաքացիների կողքին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ