«168 Ժամի» հետ զրույցում ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, վերլուծաբան Մոդեստ Կոլերովը, որն այս օրերին հետևում է Երևանի կենտրոնում զարգացող դրամատիկ իրադարձություններին, այն կարծիքին է, որ Փաշինյանը և նման ուժերը կարող են հաղթանակ ունենալ միայն այն դեպքում, երբ նրանք ունենան միլիոնավոր աջակիցներ։ Այնինչ, ըստ Կոլերովի, Փաշինյանը և Հայաստանի ոչ մի այլ ընդդիմադիր ուժ չունի նման աջակցություն։
«Այո, գուցե այսօր տասն անգամ ավելի շատ մարդ է մասնակցել ծավալված ակցիաներին և հանրահավաքին, բայց հաղթելու համար միլիոններ են անհրաժեշտ, իսկ նրանք միլիոնների աջակիցներ չունեն։ Այսքանը»,- ասաց Կոլերովը։
Խոսելով ուկրաինական Մայդանի ընթացքում ծավալված գործողություններից, անհնազանդության դրսևորումներից՝ Մոդեստ Կոլերովն ասաց, որ ուկրաինական օրինակի էությունը կայանում է նրանում, որ Մայդանը զարգանում էր այն հրապարակում, որը ուղիղ կերպով կապված չէր քաղաքային կոմունիկացիաների հետ, ոչ տրանսպորտի տեղաշարժի հետ։ «Մայդանը զարգանում էր փակուղային հրապարակում՝ Կիևի կենտրոնում, Մայդանն այնտեղ կարող էր շարունակվել թեկուզ 100 տարի, և ոչինչ դա չէր փոխում քաղաքային կյանքում։ Հենց ընդդիմությունը կոչ կանի Երևանի բոլոր բնակիչներին՝ դադարեցնել օգտվել ջրից, դադարել գնել հաց, դադարել օգտվել գումարից, դա կլինի լուրջ, իսկ սա ի՞նչ է, ո՞ւմ են նրանք վատություն անում»,- ասաց Կոլերովը, հավելելով, որ նման բանուկ հատվածներում նման զանգվածային բողոքի միջոցառումները կաթվածահար են անում քաղաքային կյանքը, ուստի չեն կարող երկար շարունակվել։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում