Քիչ առաջ միջադեպ գրանցվեց ոստիկանների ու ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ցուցարարների միջեւ Հալաբյան-Արզումանյան խաչմերուկում: Ոստիկանները փորձում էին հեռացնել քաղաքացիներին ճանապարհից, Հրմշտոցի արդյունքում երկու կին ընկան գետնին: Ի դեպ, այս հատվածում փողոցը փակողների շարքում, ըստ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանի, կան նաեւ դպրոցականներ:
Այստեղ բերման ենթարկվեց Անտոն Իվչենկոն:
Ցուցարարների մի խումբ էլ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, շարժվում է Նար-Դոս փողոցով:
Ի դեպ, Հալաբյան փողոցում է «Ելք» անդամ Գեւորգ Գորգիսյանը, որտեղ ցուցարարներն իրենց քայլերթն են իրականացնում: Նա չցանկացավ հարցերի պատասխանել, ասաց՝ բոլոր հարցերին կպատասխանի ավելի ուշ: ԱԺ գնալու է, թե՝ ոչ հարցին էլ դրական պատասխան տվեց:
Հալաբյան-Արզումանյան հատվածում ոստիկանները թույլ չեն տալիս քաղաքացիներին փողոցն անցնել նույնիսկ կանաչ լույսի տակ, նրանք հորդորում են քաղաքացիներին չսադրել, սադրանքներ չանել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան էջից