Աբովյան փողոցը փակած ցուցարարներին ոստիկանները կոչ են անում սադրանքների չդիմել: Այս հատվածում մի խումբ ոստիկաններ փորձեցին գրկելով հեռացնել ցուցարարներին, բայց ավարտին չհասցրեցին իրենց գործողությունները:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այն քաղաքացիները, որոնք ուզում են օգնել իրենց, թող փակեն այլ ճանապարհներ: Ցուցարարները ոստիկաններին ասում էին, որ իրենք սադրիչ չեն, իրենց երեխաների իրավունքներն են պահում: Այս հատվածում ոչ միայն ցուցարարներն են քիչ, այլեւ՝ ոստիկանները:
Նստացուցարարներն ավելի ուշ անսպասելի վեր կացան ու բղավելով սկսեցին վազել դեպի վերեւ՝ բժշկական համալսարանի ուղղությամբ՝ իրենց հետ տանելով աղբամանները: Նրանք ողջ փողոցի երկայնքով աղբամաններով բարիկադներ են սարքել:
«Հենց մի խաչմերուկում լարումը մեծանում է ու զգում ենք, որ բերման են ուզում ենթարկել, վազում ենք մեկ այլ խաչմերուկ: Մեր գործողությունները ցանցային են, պետք է թույլ չտանք, որ մեզ խոչընդոտեն: Ի պատասխան ոստիկանների՝ բերման ենթարկելու գործողությունների՝ այս գործողությունները պետք է իրականացնենք, ոչ թե գնանք քաղմասերի դռները փակենք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ