Ի՞նչ ցույց տվեց երեկվա երկար օրը.
1. Նիկոլ Փաշինյանի սկսած պայքարը չի ավարտվի իշխանափոխությամբ` ի սկզբանե չուներ ու չէր ունենալու քաղաքական հաջողության շանսեր, բայց չի կարող չունենալ քաղաքական հետևանքներ:
2. Երեկ ամբողջ օրը տարօրինակ լռություն պահպանեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, թեպետ պարտավոր էր այդ իրավիճակում իր խոսքն ասել ՀՀ քաղաքացիներին` իբրև երկրի նախագահ, որ չունի իրավասություններ, բայց պարտավորություններ ունի առաջնորդելու:
3. Երեկ ամբողջ օրը լռեց և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը` կարծես ոչինչ չէր կատարվել, ու իրեն ոչինչ չէր անհանգստացնում:
4. Նույնքան տարօրինակ էր ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի լռությունը: Նախագահի, ԱԺ նախագահի ու վարչապետի պաշտոնակատարի լռությունը իրապես ապացուցում է, որ ՀՀԿ-ն հասարակության հետ կապի լուրջ խնդիրներ ունի և այդ խնդիրների գիտակցությանը դեռ չի հասել:
5. Առավել քան տարօրինակ հնչեց ՀՀԿ նախագահ ու ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը օտարերկրյա լրատվամիջոցին: Երբ երկրում, ուր պատրաստվում ես հաջորդ օրը վարչապետ դառնալ, քաղաքացիական անհնազանդության շարժում է սկսվում, ամենահարմարը հայկական լրատվամիջոցներն են ինչ-որ խոսք ասելու համար: Փաստացի` ՀՀ նախագահները գերադասել ու գերադասում են ռուսական լրատվամիջոցները` հայկականից, և դա որևէ հոդաբաշխ բացատրություն չունի:
6. Իր վարչապետության ընթացքում Սերժ Սարգսյանը պարտավոր է վերացնել իշխանության ու հասարակության խզումը, որ պահանջելու է քաղաքականության բովանդակային փոփոխություն:
7. Չի կարող չփոխվել տեղեկատվական-քարոզչական քաղաքականությունը, պրոֆեսիոնալ խայտառակություն է, երբ ամբողջ օրը երկրում նման իրադարձություններ են լինում, իսկ հեռուստաընկերությունները լռում են, և միայն լրատվական ծրագրերը լուսաբանում են մի քանի րոպեով` շարունակելով սերիալաժամանցային եթերը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում