Բաղրամյան պողոտայում այսօր Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքող ցուցարարների եւ ոստիկանների միջեւ բախումների ժամանակ նաեւ լրատվամիջոցների աշխատակիցներ են վնասվել: Մասնավորապես, տուժել են Factor TV-ի՝ իրենց մասնագիտական պարտականությունն իրականացրած երկու օպերատորները: Aravot.am-ի հետ զրույցում Factor TV-ի խմբագիր Արեւիկ Սահակյանը հայտնեց.
«Բախումների կիզակետում են աշխատել մեր օպերատորներից Հովհաննես Սարգսյանը եւ Վրեժ Մարգարյանը: Վնասվել է Վրեժ Մարգարյանի տեսախցիկը, որը սեղմվել է հրմշտոցի ժամանակ: Նա փորձել է մարմնով պաշտպանել տեսախցիկը, բայց այն, այնուամենայնիվ, վնասվել է: Հիմա փորձում ենք հասկանալ՝ հնարավոր կլինի՞ այն վերականգնել: Վնասվել է նաեւ ուղիղ եթերի հեռարձակման սարքը»:
Ինչ վերաբերում է օպերատոր Հովհաննես Սարգսյանին, նա եւս հրմշտոցից է տուժել՝ սեղմվելով փշալարերին: «Վնասվել է ձեռքը, ոտքը: Վնասվածքն, անշուշտ, ծանր չէ, բայց փաստ է, նրանք հիմա էլ շարունակում են տեղում աշխատել»,-տեղեկացրեց Արեւիկ Սահակյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ