Ֆրանսիայի հրապարակում այսօր հանրահավաքից հետո Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանդես եկող ցուցարարների մի մասը կրկին բարձրացավ դեպի Բաղրամյան պողոտա:
21:05- Բաղրամյան պողոտայի սկզբնամասում, որտեղ փշալարերի մի կողմում ոստիկաններն են, մյուսում՝ ցուցարարները, քիչ առաջ պայմանավորվածություն խախտվեց:
Փշալարերը փոքր-ինչ առաջ տեղափոխվեցին ոստիկանների կողմից, մինչդեռ հանրահավաքից առաջ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ցույցը ղեկավարող պատգամավոր Նիկոլ Փաշինյանին խոստացել էր, որ փշալարերը չեն տեղաշարժվի: Ցուցարարները դժգոհեցին, «Ելք» դաշինքի պատգամավոր Արարատ Միրզոյանն էլ նրանց կոչ արեց լարվածություն չստեղծել եւ փշալարից պահպանել տասը մետր հեռավորություն:
21:03- Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը բարձրախոսով դիմեց ցուցարարներին. «Պահպանեք տարածություն՝ այնքան, որքան ոստիկաններն են պահպանում: Հակառակ դեպքում ոստիկանությունը միջոցներ կձեռնարկի»
21:10- Ոստիկանները հակագազային դիմակներ հագան:
21:12- Հակագազային դիմակները հանելու հրահանգ հնչեցվեց:
21:16- Ցուցարարներին մոտեցած Նիկոլ Փաշինյանը դիմեց նրանց. «Ոստիկանների ուղղությամբ ոչինչ մի շպրտեք, մի վիրավորեք, մենք խաղաղ պայքարի կողմնակից ենք: Ոստիկանները խոստացել են, որ փշալարերը չեն տեղաշարժի:
Օսիպյանը հաստատեց պայմանավորվածությունը, բայց Փաշինյանին բարձրախոսով ասաց. «Իրեր են շպրտել մեր ուղղությամբ, նաեւ նկատել ենք ոչ սթափ անձանց՝ գարեջրի շշերը ձեռքներին»: Փաշինյանը ցուցարարներին կրկին կոչ արեց տարածություն պահպանել ոստիկաններից:
20:21 – Ցուցարարները ծափերով շնորհավորեցին ոստիկաններին՝ մասնագիտական տոնի առթիվ:
Հավելենք, որ ոստիկանական ուժերի հետնամասում նաեւ ջրցան-մեքենա է կայանված: Բաղրամյան պողոտայում մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակված:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ինչ որ ալ փորձէք, այս խուժանը ինքն իրեն չպիտի հանդարտի… ինչ որ անելու էք, արագ ըրէք, որպէսզի կացութիւնը վատթարանալով, աւելի ծանր չլինի անհրաժեշտ միջամտութեան տարողութիւնը – եւ հետեւաբար հետեւանքները… –