«Իր անհամաձայնությունը քաղաքական այս կամ այն իրադարձության վերաբերյալ ցանկացած քաղաքական եւ քաղաքացի իրավունք ունի հայտնելու Սահմանադրությամբ թույլատրված ցանկացած եղանակով, այդ թվում՝ բողոքի զանգվածային միջոցառումներ կազմակերպելով: Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը ու ցանկացած պատգամավոր իրավունք ունի առանց որեւէ խոչընդոտի մտնել ԱԺ: Սա միանշանակ է ու ինձ համար այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Ցանկացած բռնություն պատգամավորի ու ՀՀ քաղաքացու նկատմամբ, որը քաղաքական, հասարակական իրադարձության վերաբերյալ փորձում է հայտնել իր բողոքը՝ չխախտելով ՀՀ օրենքը, ինձ համար անընդունելի է:
Ի դեպ, Սահմանադրությունը թույլատրում է խաղաղ, զանգվածային երթեր ու միջոցառումներ: Ես հույս ունեմ ու ակնկալում եմ, որ որեւէ ուժ չի կիրառվի խաղաղ ցուցարարների հանդեպ, քանի որ ինչպես իշխանության ներկայացուցիչներն իրավունք ունեն իրենց քաղաքական տեսակետն ունենալու, այնպես էլ մյուս ուժերն էլ իրավունք ունեն դրա հետ չհամաձայնելու եւ իրենց անհամաձայնությունը հայտնելու օրենքով թույլատրելի ձեւով: Ես չեմ ցանկանում, որ մեր երկրում կրկնվի այն, ինչի միջով մենք քանի անգամ անցել ենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում անդրադառնալով Երեւանի կենտրոնում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած բողոքի ակցիաներին ու ոստիկանության գործողություններին՝ նշեց ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ իրենք հարգանքով են վերաբերում ՀՀ բոլոր քաղաքացիներին ու բոլոր քաղաքական ուժերին, որոնք պայքարի այս կամ այն եղանակն են ընտրել. «երբեւէ չբացառելով պայքարի որեւէ եղանակ՝ այս փուլում մենք նման հարց չենք քննարկել»:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում: