Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դիտարկմամբ, ԵՊՀ եւ հանրային ռադիոյի շենք ցուցարարների մուտքը չի զուգորդվել բռնարարքներով, հետեւաբար այդ դեպքերով քրեական գործ հարուցելու հիմքեր չկան:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը քիչ առաջ հաղորդում է տարածել՝ հայտնելով, որ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքների ընթացքում խախտվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները, որոնց հիմքով քրեական գործեր են հարուցվել:
Ըստ հաղորդագրության՝ չհետևելով ոստիկանության բազմաթիվ հայտարարություններին, այդ ընթացքում հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով ապրիլի 13-ին ներխուժել են ԵՊՀ, իսկ ապրիլի 14-ին՝ Հանրային ռադիոյի շենքերի տարածքները, որպիսի գործողությունները զուգորդվել են այդ ընկերությունների գույքը վնասելով, իրենց ծառայությունն իրականացնող քաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառելով՝ վտանգելով հասարակական անվտանգությունը:
«Ամենակարեւոր հարցն այն է՝ երբ նրանք մտել են այդ շենքերը, բռնարարքներ գործել են, թե ոչ, ուրիշի գույքին վնաս պատճառել են, թե ոչ, ինչքան ինձ հայտնի է՝ նման բան չի կատարվել, ու տվյալ դեպքում գործ հարուցելը նշանակում է սպառնալ ու վախեցնել քաղաքացիական անհնազանդության մասնակից ցուցարարներին: Սա սպասելի էր, որովհետեւ մեր իրավապահները շարժվում են գործող իշխանության ցուցումով, ցուցում են ստացել այսօրվանից սպառնալ ցուցարարներին ու այդ սպառնալիքները, դեռեւս հայտարարության մակարդակով, կիրառվում են: Ինչ կլինի հետո, դա կախված է հասարակության քայլերից, եթե հասարակությունը շարժումը մարի, սպառնալիքները իրականություն կդառնան, իսկ եթե ցուցարարները չընկրկեն, այդ սպառնալիքները կմնան օդում կախված»,- ասաց իրավապաշտպանը:
Մեր հարցին՝ հավանական համարո՞ւմ է, որ հարուցված քրեական գործերի շրջանակում ԱԺ-ն զրկի Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից եւ նրան կանչեն պատասխանատվության, իրավապաշտպանը պատասխանեց. «Ամեն ինչ հնարավոր է, կախված է հասարակության վերաբերմունքից, եթե հերթական անգամ ընկրկեն, ոչ միայն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կլինի քրեական հետապնդում, այլեւ շատ ցուցարարների նկատմամբ»:
Նա նաեւ ոչ իրավաչափ համարեց ոստիկանների կողմից այսօր Բաղրամյան պողոտայում հատուկ միջոցների կիրառումը ՝ ասելով, որ ցուցարարները որեւէ բռնություն չէին թույլ տալու, բացի այդ պայթուցիկները կիրառվել են առանց նախազգուշացման. «Ոստիկանությունը հերթական անգամ կատարեց վերեւից եկած ցուցում ու ուժ կիրառեց խաղաղ ցուցարարների նկատմամբ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ