Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ժամը 16:30 դրությամբ Երեւանի բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի, որից 6-ը ոստիկաններ են։ Ըստ նույն աղբյուրի, հիվանդների մի մասը, ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս է գրվել բուժհաստատությունից:
«Քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց համար ցուցաբերվում է անհրաժեշտ առաջնային բուժօգնություն։
Ոստիկանների վնասվածքները բութ եւ կտրող գործիքներով հասցված վնասվածքներ են։ Ոստիկաններից մեկը ներկայումս վիրահատվում է երակի կտրվածքի պատճառով»,-նշում են նախարարությունից։
Նախարարությունը հայտնում է նաեւ, որ առողջապահական համակարգը գործում է ուժեղացված ծառայության պայմաններում եւ տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ ժամանակին եւ որակյալ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։
ԱՆ-ից նաեւ հայտնում են, որ հաղորդագրության պատրաստման պահին տուժածներից որեւէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ