Մայրաքաղաքում մի շարք փողոցներ փակ լինելու պատճառով այսօր «Շտապօգնություն» ծառայությունն աշխատում է խիստ ծանրաբեռնված ռեժիմով: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Շտապօգնություն» ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը:
Ըստ նրա, մարդիկ, որոնք պետք է հիվանդանոցից դուրս գրվեն, չեն կարողանում սեփական հնարավորություններով դա կազմակերպել, եւ ստիպված զանգահարում են շտապօգնություն, որպեսզի նրանց տուն տանի: Ըստ տիկին Ստեփանյանի, կանչեր են ստացել նաեւ բժշկի գնալու մտադրություն ունեցող քաղաքացիներից, որոնք այսօր պայմանավորվածություններ են ունեցել բժշկի հետ. «Այսօր հիվանդ ենք տեղափոխել Մամոգրաֆիայի կենտրոն, Մաշտոցի պողոտայի ծննդատուն: Հիվանդանոցից դուրս գրվող մի երեխայի են տուն տարել: Դրանք բոլորն անհետաձգելի դեպքեր չէին եւ մարդիկ կարող էին իրենց մեքենաներով գնալ»:
Մեր այն հարցին, թե եղե՞լ են դեպքեր, որ կանչերը չեն սպասարկվել, կամ փողոցների փակ լինելու պատճառով շտապօգնության մեքենաները չեն կարողացել հասնել հիվանդին, Թագուհի Ստեփանյանն ասաց, որ նման բան չի եղել եւ բոլոր կանչերը սպասարկվել են՝ չնայած որ ուշացումներով ու մեծ դժվարություններով:
«Խցանման պատճառով դժվարանում է մեքենայի անցումը, շտապօգնության մեքենան մնում է ավտոմեքենաների արանքում, չի կարողանում շուտ հասնել, այն, որ ժամանակի առումով հիվանդները տուժում են, միանշանակ է: Մինչեւ վարորդը փորձում է այլ փողոց գտնել, որ շրջանցի, արդեն խնդիրներ են առաջանում»:
Ծառայության տնօրենը նաեւ ասաց, որ սեղանի վրա մնացած ու դեռեւս չսպասարկված կանչերից են հետեւություն անում, թե ժամանակի առումով որքան կանչեր են ուշացումով սպասարկվում եւ որքան քաղաքացի են տուժում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ