Վանաձորցի ուսանողներն, ովքեր փակել են Տիգրան Մեծ պողոտան, այժմ նստացույց են անում Հայքի հրապարակում: Ուսանողներին հեռվից հետեւում են նաեւ Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցներն ու քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը: Ցույցի մասնակիցներից մի քանի երիտասարդներ մոտեցան քաղաքապետին:
-Ուսանողական շարժում է, մենք էլ ենք մասնակցել, պահանջ ենք ունեցել: Հիմա ինձ շարժման նպատակն ու օրակարգը բացատրեք, մենք հասկանանք: Ախր դուք չգիտեք ինչ եք ուզում: Այսօր ընտրություն չկա, երեխեք ջան, այսօր կառավարման մոդելը փոխվել է ու կառավարության նոր կազմ են հաստատում: Ի՞նչ ընտրություն, ո՞վ է ձեզ ասել, որ այսօր ընտրություն կա,-երիտասարդների հետ զրույցում ասաց քաղաքապետը:
-Այս պահին կառավարությունը ձեւավորվում է առանց մեր միջամտության: Մենք գիտենք, թե անցած տարի ինչ ձեւով՝ կեղծիքների ու ընտրակաշառքների միջոցով փոխվեց ու ձեւավորվեց կառավարությունը,- քաղաքապետին հակադարձեցին ցույցի մասնակիցները:
Այս պահին ցույցի մասնակիցները շարունակում են դասադուլն ու փակել են պողոտան:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ