Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի օր» խորագրով մշակութային միջոցառում Լիտվայի Վարենա քաղաքում

Ապրիլ 16,2018 15:33

Ապրիլի 13-ին Լիտվայի Վարենա քաղաքի քաղաքապետարանի Մշակույթի կենտրոնում Վարենայի քաղաքապետարանի, «Լիտվա-Արցախ բարեկամության շրջանակի» անդամների և Լիտվայի հայերի միության ջանքերով տեղի ունեցավ «Արցախի օր» խորագրով միջոցառում, որին ներկա էին Լիտվայի քաղաքական և մշակութային գործիչներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Լիտվայում ՀՀ դեսպանության անձնակազմը:

Բացման խոսքով հանդես եկավ Վարենայի քաղաքապետ Ալգիս Կաշետան, ով, կատարելով պատմական ակնարկ, ներկայացրեց Արցախի ներկան և զարգացման հեռանկարները: Քաղաքապետը նաև նշեց, որ Արցախը բարդ ճանապարհ է անցել և այսօր ներկայանում է որպես ժողովրդավար երկիր: Ալգիս Կաշետան կարևորեց նմանատիպ մշակութային միջոցառումների կազմակերպումը՝ նշելով, որ դրանց միջոցով Արցախն առավել լավ ճանաչելու հնարավորություն է ընձեռվում:

Լիտվայի Սեյմասի նախկին պատգամավոր և Լիտվայում «Լիտվա-Արցախ բարեկամների շրջանակի» ներկայացուցիչ Դալյա Կուոդիտեն ընդգծեց, որ արցախցիների կերպարում, ովքեր միշտ պատրաստ են պաշտպանել իրենց հողը, դրոշմված է ազատատենչ ոգին: Դալյա Կուդիտեն նաև հավելեց, որ Արցախը թյուրիմացաբար որպես գոյություն չունեցող պետություն է ներկայացվում, այն դեպքում, երբ այնտեղ պետական բոլոր կառույցները կայացած են:

Ելույթներ ունեցան նաև Լիտվայի հայերի միության փոխնախագահ Ռուսլան Հարությունյանը և հայ համայնքի ներկայացուցիչ Արմեն Հայրապետյանը:

Ելույթով հանդես եկավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով կարևորեց օտարերկրյա լսարաններում Արցախի մասին իրազեկվածության բարձրացումը, նշելով, որ Արցախը հիմնականում ասոցացվում է հակամարտության հետ, մինչդեռ դա նախ և առաջ պետություն է՝ պետության բոլոր ատրիբուտներով: Անդրադարնալով «Կյանքն Արցախում» խորագիրը կրող ցուցահանդեսին՝ դեսպանն ընդգծեց, որ վերջինիս միջոցով կարելի է ծանոթանալ Արցախի հարուստ պատմամշակութային և ճարտարապետական ժառանգությանը՝ սկսած մ.թ.ա. 1-ին դարից, ինչպես նաև արցախցիների վարք ու բարքին, արվեստին ու ավանդույթներին: Դեսպանի համոզմամբ՝ պատահական չէ, որ նման պատկերներ տեսնելուց հետո շատերն են ցանկություն հայտնում այցելելու Արցախ:

Մշակույթի կենտրոնի տեսասրահում ցուցադրվեց լատվիացի և լիտվացի բլոգերներ Ալեքսանդր Ալիմովի և Ստանիսլավ Գորբունովի կողմից նկարահանված Արցախի մասին պատմող ճանաչողական «Ճանապարհորդություն դեպի Լեռնային Ղարաբաղ» ֆիլմը:

Միջոցառման երկրորդ մասում արցախյան ժողովրդական կատարումներով հանդես եկան Արցախից հատուկ այս միջոցառման նպատակով հրավիրված Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան պետական երաժշտական քոլեջի երաժիշտները՝ թառահար Լևոն Սարդարյանը և քամանչահար Հակոբ Խալաթյանը: Համերգային կատարումները ջերմ ընդունելություն գտան հանդիսատեսի կողմից:

Տեղեկանք. «Արցախի օր» միջոցառման շրջանակներում ցուցադրվող «Կյանքն Արցախում» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսը, որը դեռ երկու շաբաթ բաց է լինելու Վարենայի մշակութային կենտրոնում, ներկայացնում է Արցախի բնաշխարհը, հոգևոր և մշակութային ժառանգությունը, ինչպես նաև ժողովրդի առօրյա կյանքն ու տնտեսական ոլորտում արձանագրված ձեռքբերումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30