Ֆրանսիայի հրապարակի հարթակից ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը: Նա ասաց, որ դեռ երեկ շատերը թերահավատ էին, իսկ այսօր տեսնում են, որ Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդը քաղաքացիներից յուրաքանչյուրն է:
«Սերժ Սարգսյանը չի լինելու Հայաստանի վարչապետ, ՀՀԿ-ն չի լինելու իշխանություն Հայաստանում»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով. «Հայաստանում իշխանություն չի լինելու ոչ մի քաղաքական ուժ եւ ոչ մի քաղաքական գործիչ, Հայաստանում իշխանություն լինելու է ժողովուրդը, քաղաքացին»:
Փաշինյանը հայտարարեց, որ Ազգային ժողովն իր աշխատավայրն է, այն իր առաջ փակել են: Նա ասաց, որ 4 պատգամավոր՝ ինքը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը, հիմա ժողովրդի ուղեկցությամբ կգնան իրենց աշխատավայր. «Մեր ձեռքերում չկա քար, ատելություն, կա միայն սեր, հարգանք, լույս»:
Մինչ շարժվելը նա հայտարարեց, որ եթե ցուցարարների շարքերից որեւէ մեկը որեւէ բան կնետի ոստիկանների վրա, նրան արագ պետք է չեզոքացնեն. «Նա մեր շարժման հետ ոչ մի կապ չունի, նա սադրիչ է: Եթե որեւէ մեկը կհարվածի որեւէ ոստիկանի, տեղում չեզոքացրեք նրան, նա սադրիչ է, մենք բռնություն չենք գործադրելու, ուղղակի անցնելու ենք»:
Նրանց առաջը փակեցին ոստիկանները՝ պատնեշ կազմած: Վալերի Օսիպյանն ասաց, որ թույլ կտան, որ 4 պատգամավոր անցնեն, Փաշինյանը հակադարձեց՝ ասելով, որ հավաքված քաղաքացիներն այսօր իր մոտ ընդունելության են:
Այս պահին Օսիպյանն ու Փաշինյանը բանակցում են: Փաշինյանը պնդում է՝ «պիտի գնամ իմ աշխատավայր»: Օսիպյանն էլ հակադարձում է՝ «Ո՞նց, մեզ տրորեք ու գնա՞ք, ուզում եք անկառավարելի վիճա՞կ ստեղծեք, ի՞նչ եք շահելու դրանից: Ասեք, եթե շահելու եք, գնանք բախման»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ