ՀՅԴ բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասում է՝ երբեք դեմ չի եղել ընդդիմության ակտիվությանը, հիմա էլ դեմ չէ: Բայց պետք է հնարավորինս ամեն ինչ անել, որ օրենքի շրջանակներից դուրս չգան: «Դուրս ես գալիս՝ դու զենք ես տալիս իշխանություններին»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով Երեւանում՝ ընդդեմ ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի վերարտադրության ընթացող բողոքի ցույցերին: ՀՅԴ-ական գործիչը որոշ դրսեւորումներ տեսել է օրենքի շրջանակներից դուրս գալու: Խոսքը Ռադիոտուն ներխուժելու մասին է:
«Բայց ես ճիշտ եմ համարում նաեւ իշխանությունների արձագանքները, որ զուսպ են գտնվում եւ դա չի դառնում քրեական հետապնդումներ: Կարծում եմ, այդ տրամադրությունները պետք է պահել»,- ասաց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ իշխանության հանդարտ պահվածքից ցուցարարները կամ նրանց առաջնորդողները չպետք է ոգեւորվեն եւ «Աստված մի արասցե, հանկարծ ամեն ինչ հասնի արյունահեղությունների»:
Արմեն Ռուստամյանը նաեւ հավելեց. «Ես հավատում եմ նաեւ պարոն Փաշինյանի անցած ճանապարհին: Նա այդ ամեն ինչով անցել է, կարծում եմ, թույլ չի տա, որպեսզի արյունահեղության վերածվի»:
Ի՞նչ ընթացք կստանա այս ամենը, ՀՅԴ-ական պատգամավորը չգիտի: Բայց, նաեւ ճիշտ չի համարում «շարժվող լոկոմոտիվը կանգնեցնել»: Դա, իր գնահատմամբ, ԱԺ-ն է, որը մտել է իր դերի մեջ եւ որպես առաջնային մարմին` ձեւավորում է իր իշխանությունը. «Եթե լեգիտիմ չեն համարում, թող անեին սա առաջին նիստում` Ազգային ժողովում մանդատներ չստանային: Ոչ ոք ինձ չի կարող ասել, թե ես իմ մանդատն ինչպես պիտի կիրառեմ: Ընտրողն ինձ մանդատ չի տվել, որ գնամ, աչքերս փակ, Նիկոլ Փաշինյանին հետեւեմ, այլ որ իրենց իրավունքն իրացնեմ»:
Իշխանական պատգամավորը նկատում է՝ ընդդիմության ակտիվությունը հիմքեր ունի, դժգոհություններ կան: Բայց կարծում է, որ պայքարն անձնավորված է: Ասում է՝իշխանությունը, որն ուներ նախորդ նախագահը՝ չի փոխանցվում վարչապետին: Իշխանությունը բալանսավորվելու է: Փոփոխությունները հանրությունը դեռ չի յուրացրել, ընդդիմությունն էլ որսացել է հարմար պահը, նաեւ օգտագործելով դժգոհությունը փորձում է իշխանափոխության վերածել:
Նա կարծում է, որ ոստիկանությունը ճիշտ արեց, երբ Ռադիոյի շենքի գրավման դեպքում կտրուկ արձագանք չտվեց, թեեւ այդ լեգիտիմ իրավունքն ուներ. ամբողջ աշխարհում է այդպես, կարող էին նաեւ զենքով դիմադրել: «Շատերը, տաք գլուխ, չեն հասկացել, որ ոստիկանությունն ունի իրավունք զենքով պաշտպանելու, դրա համար էլ այնտեղ էին: Բայց եթե ընթացքում մեկի արյունը թափվեր, չէր ներվի դա»,- ասաց նա՝ հավելելով, որ սա լուրջ ահազանգ պետք է լինի ցույցերի ղեկավարների համար:
Արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ գուցե մարդիկ փոշմանել են ընտրություններին իրենց տված ձայների համար, Արմեն Ռուստամյանն ասաց՝ այն մարդիկ, ովքեր դուրս են գալիս փողոց, ավելի հեշտ կլիներ, որ ընտրակաշառք չվերցնեին ու այդպես չկատարեին իրենց ընտրությունը: Լրագրողներից մեկը նկատեց՝ այսինքն, իր պնդմամբ, ընտրակաշառք վերցրած ուսանողնե՞րն են, որ այսօր փողոցում, պատգամավորն ասաց, որ իր խոսքը խեղաթյուրվում է եւ ինքը դա նկատի չուներ:
Արմեն Ռուստամյանը նաեւ չբացառեց, որ իրավիճակը կարող է սրվել ու դուրս գալ վերահսկողությունից:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ