Ֆրանսիայի հրապարակի հարթակից ելույթ ունեցան Երեւանի ավագանու«Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը, Շանթ Հարությունյանի որդին՝ ակտիվիստ Շահեն Հարությունյանը: Արայիկ Հարությունյանն ասաց, որ ուսանողներին տեսնելով՝ մի քանի անգամ լացել է, հպարտանում է նրանցով:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանն ասաց. «Ձեզ ասել են, ասում են, որ ժողովուրդը դուրս չգա փողոց, բայց տեսնում ենք, որ ՀՀ ազատ քաղաքացին հենց հիմա փողոցում է: Սա քաղաքական ակցիա չի, սա իշխանափոխության գործընթաց է, եկե՛ք: Սա ռեալ, իրատեսական գործընթաց է, եկեք, հիմա է դրա ժամանակը»:
Հավաքվածները վանկարկում էին՝ «հի-մա, հի-մա՛»:
«Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանն իր ելույթում ասաց. «Հաղթանակած ժողովրդին նման ապրելակերպ վայել չի: Այստեղ հավաքվածները ազգի սերուցքն է՝ 88-ից հետո: Նոր սերունդը պիտի ստիպի այս իշխանություններին, որ մենք պարտավոր ենք ապրել ազատ, անկախ Հայաստանում: Մենք պարտավոր ենք այս քաղաքական ելեւէջների հետ, որտեղ ժողովուրդը հիասթափվել է, պետք է կարողանանք այդ սկիզբը կապել վերջին եւ հաղթել»:
Նա նշեց, որ այս տարիներին ոչ լեգիտիմ այս իշխանությանը հնարավորություն էր տրվել կարգավորելու, արտագաղթը կասեցնելու, բայց ավելացրել են արտագաղթը, հիմա պիտի հեռանան՝ առանց արյան. «Օրհասական ժամ է, այսօր ժողովուրդը հավաքվել է՝ իր ազատագրման համար: Հողը փախնում է ժողովրդի ոտի տակից, այսօր կայունացման ժամ է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ