Ֆրանսիայի հրապարակը բազմամարդ է:
Հարթակի վրա է Կարգին Հայկոն՝ Հայկ Մարությանը: Նա հանպատրաստից ելույթ ունեցավ եւ ասաց, որ երբ Երիտասարդական մետրոյի մոտ այսօր տեսել է պայքարող ուսանողներին, հուզվել է. «Իմ աչքերը լցվել էին, որովհետեւ իրականում հենց իրենք են մեր ապագան: Իրենք են վաղը կերտելու մեր երկրի պատմությունը: Թվում էր, թե ուսանողությունը խորասուզվել է ինքն իր պրոբլեմների ու վախերի մեջ, բայց այդպիսի բան չկա, ես ձեզ կասեմ»:
Մարուքյանն ասաց. «Ինձ հաճախ հարցնում են՝ հը՞, մի բան կլինի՞: Այ ձեր ցավը տանեմ, արդեն լինում ա, արդեն եղել ա: Եթե մեկին թվում ա, որ այն պրոցեսը, որը մենք անցնում ենք, պետքական չի, չարաչար սխալվում ա: Բոլոր քաղաքակիրթ պետություններն էլ անցնում են ինչ-որ պրոցես, որ գան ինչ-որ մի վիճակի: Մենք ընդամենը 25 տարվա պետություն ենք, մի օրով ոչ մի բան չի լինում, պետք է հասկանանք: Ամենակարեւորը՝ նստած տեղը ոչ մի բան չի լինում»:
Հայկ Մարությանն ասաց, որ ինքը ցուցարարներից մեկն է. «Ես այնքան ոգեւորված եմ, որ տեսնում եմ այսքան մարդ այստեղ: Հավատացեք, եթե ազգը ոտքի է կանգնում, նրա ձայնը դառնում է լսելի՛: Ես վստահ կարող եմ նաեւ պատասխան տալ այն մարդկանց, ովքեր ասում էին՝ 5-10 հազար հոգի է հավաքվել, բայց 3 մլն-անոց ժողովուրդ է: Եթե իրականում 5-10 հազար հավաքվեր, այդ քանակությամբ մարդիկ լինեին ինչ-որ բանի դեմ, նրանք ճիշտ կլինեին, բայց ես շատ մարդկանց հետ եմ շփվում՝ պահակի, տաքսիստի, վաճառողի հետ, հավատացնում եմ, ես մեկին չեմ հանդիպել, որը գոհ է այսօրվա դրությամբ, ուղղակի ինչ-ինչ պատճառներով նրանք չեն գալիս եւ չեն արտահայտում իրենց դժգոհությունը: Այսինքն, իրականում դժգոհ են շատերը»:
Ըստ Կարգին Հայկոյի, 80 տոկոսը բնակչության դժգոհ են այս իրավիճակից: Պաշտոնական տվյալներով 30 տոկոս աղքատություն կա երկրում. «Ո՞նց եք մտածում, էդ մարդիկ գո՞հ են իրենց կյանքից: 1 մլն մարդ դժգոհ է, ուրիշ բան, որ չեն գալիս, վստահաբար, իրենք իրենց մտքով մեզ հետ են…մի բան կասեմ՝ կեցցե վաղվա Հայաստանը, ազատ, անկախ Հայաստան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ