Այսօր` ապրիլի 16-ին, ‹‹Էդիթ Պրինտ›› հրատարակչության նախաձեռնությամբ, Արցախի պետական համալսարանում կազմակերպվել է գրքերի ցուցահանդես-վաճառք:
‹‹Էդիթ Պրինտ›› հրատարակչության կոմերցիոն տնօրեն Արեգ Կարապետյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ Արցախի պետական համալսարանում նման նախաձեռնությունով նախկինում ևս հանդես են եկել:
‹‹Մոտ 4-5 տարի առաջ ևս այստեղ գրքերի ցուցահանդես-վաճառք էինք կազմակերպել: Այժմ հաշվի առնելով այն, որ մեր գրքերի տեսականին համալրվել է նորերով, որոշեցինք մեկ անգամ ևս նման նախաձեռնությամբ հանդես գալ››,- նշեց Արեգ Կարապետյանը:
Նրա խոսքով`գրքերի տեսականին այս անգամ բավականին մեծ է: Կան նոր հրատարակություններ` հայերեն թարգմանություններ հենց բնագրերից, որոնք նախկինում չեն եղել` օրինակ, Ռեմարկի և Էքզյուրպերի ստեղծագործությունների թարգմանությունները: Ներկայացված են նաև մարդու անձնական աճի և կյանքի փոփոխությունների հետ կապված մոտիվացիոն գրքեր, ինչպես նաև հայ դասականների և այլ հեղինակների գրքեր:
Հրատարակչության ներկայացուցիչը նշեց, որ բավականին գոհ են այցելուների քանակից, գրքի հանդեպ նրանց հետաքրքրությունից, ինչպես նաև վաճառքից: «Գրքերը վաճառվում են մոտավորապես 30-40 տոկոս զեղչերով: Ցուցահանդեսների շրջանակներում մենք միշտ զեղչերով ենք հանդես գալիս››,- նշեց Արեգ Կարապետյանը:
Միջոցառման նախաձեռնողներից Կարեն Օհանջանյանը ասաց, որ այն կազմակերպվում է ‹‹Ոչ ֆորմալ կրթությունը բուհերի ուսանողների համար›› ծրագրի շրջանակներում և նպատակ ունի բարձրացնել ուսանողների կրթական մակարդակը այլընտրանքային մեթոդներով:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ