Գյումրիում ցուցարարները մոտ 40 ավտոմեքենաներով ավտոերթ սկսեցին. նրանք, հերթով փակելով կենտրոնական փողոցները, շարժվեցին քաղաքի ուսումնական հաստատություններ՝ կոչ անելով ուսանողներին միանալ իրենց պայքարին: Դասադուլ բացականչելով՝ նրանք բացում էին լսարանների դռները ու կոչ անում մտածել իրենց ապագայի մասին:
Գյումրու արվեստների ակադեմիայի որոշ ուսանողներ միացան նրանց, այնուհետ շարժվեցին դեպի մյուս բուհեր՝ ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ, տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ ու Շիրակի պետական համալսարան, նրանք որևէ տեղ դիմադրության ու փակ դռների չարժանացան:
Քիչ հետո Գյումրու Թատերական հրապարակում կսկսվի հանրահավաք: Գյումրու Սախարովի անվան հրապարակում մի մեքենայի վարորդ հորդորում էր ճանապարհը բացել, քանի որ իր երեխան դպրոցում իրեն է սպասում: « Հոպար, մենք էլ շատ համբերատար ենք եղել Սերժ Սարգսյանի նկատմամբ, 10 րոպե դուք էլ համբերություն ունեցեք»,-ասաց ցուցարարներից մեկը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ