Աբովյան փողոցում էլ կան բազմաթիվ մեքենաներ, որոնք «խափանված» են, ինչպես նախապես իրենց գործողությունների պլանում հայտարարել էին «Իմ քայլը» նախաձեռնության անդամները:
Այս պահին ոստիկանության ավտոմեքենաներ ու մեծ ուժեր են կենտրոնացված ինչպես Հրազդանի կիրճում՝ Մանկական երկաթգծի հարակից հատվածում, այնպես էլ դեպի Մոնումենտ տանող հատվածում, նախկին Երիտասարդական պալատի հետնամասում: Հիշեցնենք, որ Մոնումենտում են գտնվում վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, մի շարք գեներալների առանձնատները: Վերեւից եկող ավտոմեքենաները, քաղաքային տրանսպորտը չհասած Աբովյան պուրակ, հետ են դառնում, այդ հատվածում ճանապարհները փակ են: Մի կողմից փակել են բողոքի ցույցի մասնակիցները, իսկ արդեն Աբովյան պուրակի հատվածից՝ ճանապարհային ոստիկանները:
Այս պահին քաղաքային տրանսպորտի մի շարք համարների երթուղայիններ, ավտոբուսներ եւ այլն, Աբովյան փողոցում անգործ կանգնած են: Հերացի-Կորյուն հատվածը ցուցարարները փակել են աղբամաններով ու նստարաններով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ