Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես կժպտամ ցուցարարներին, կբացատրեմ եւ մուտք կգործեմ ԱԺ». Վահրամ Բաղդասարյան

Ապրիլ 16,2018 13:34

«Հարգանքով ենք վերաբերվում խաղաղ երթերին ու ցույցերին, Սա դրսեւորման ձեւ է, որն ընտրել են մեր քաղաքական գործընկերները: Եթե օրենքի շրջանակում գործեն, խոչընդոտ չի լինի: Իսկ փողոցները փակելուն գնահատականներ կտան համապատասխան մարմինները»,-ԱԺ-ում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելու դեմ ուղղված ցույցերին, որոնք ղեկավարում է պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է նրան, որ Փաշինյանը մտադիր է ԱԺ շենքը շրջափակելով խոչընդոտել պատգամավորների մուտքին եւ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկելուն, Վահրամ Բաղդասարյանը վստահեցրեց. «ԱԺ հատուկ նիստը կայանալու է, մինչեւ օրակարգի սպառումն աշխատելու ենք: Մեր շենքն ԱԺ նիստերի շենքն է, ինչո՞ւ պետք է փոխենք քվեարկության վայրը»:

Ի տարբերություն ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի, որը չբացառեց ցուցարարներին բռունցքով պատասխանելը, Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ես կժպտամ, կբացատրեմ եւ մուտք կգործեմ: Յուրաքանչյուրն ազատ տեղաշարժվելու իրավունքն ունի»:

Լրագրողները հարցրին՝ «բացառո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանը չկարողանա հասնել ԱԺ»: Բաղդասարյանն արձագանքեց. «Արդեն ֆանտաստիկայի ժանրից եք հարցեր տալիս: Բոլորը կներկայանան: Համբերեք, վաղը դրա ականատեսը կլինեք»:

Իսկ թե ինչու շաբաթ օրր ՀՀԿ խորհրդի նիստը, որում որոշվեց որպես վարչապետի թեկնածու առաջադրել Սերժ Սարգսյանին, կայացավ Ծաղկաձորում, Վահրամ Բաղդասարյանն այսպես բացատրեց. «ՀՀԿ գրասենյակի նիստերի դահլիճում 180 տեղ կա, իսկ ՀՀԿ խորհրդի անդամները 230-ից ավելին են: Դա էր պատճառը, որ այլ դահլիճ ընտրեցինք»:

Վահրամ Բաղդասարյանը չհամաձայնեց որակումներին, թե ՀՀԿ-ականներն այդպես փախուստի դիմեցին Երեւանից, որպեսզի ցուցարարների «ձեռքը չընկնեն»: Նա նկատեց. «Ընդդիմությունը կարող էր շրջափակել նաեւ Ծաղկաձորում մեր հավաքի վայրը: Դա գաղտնիք չէր, մենք անգամ ժամն ենք ասել, գուցե դուք ուշադիր չեք եղել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30